չորեքշաբթի, 8 սեպտեմբերի 2010
Վարչապետն ընդունել է «Կանադա-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի անդամներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Կանադայի խորհրդարանի «Կանադա-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակության անդամներին` նախագահ Հարոլդ Ալբրեխթի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-կանադական հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը։ Այդ համատեքստում կառավարության ղեկավարը ներկայացրել է տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես հանքահումքային արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության և էներգետիկայի ոլորտներում։
Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանության հիմնմանը, ինչն էապես կնպաստի քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի հետագա զարգացմանը։