ուրբաթ, 10 սեպտեմբերի 2010
Վարչապետը ներկա է գտնվել Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոնի բացմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի Էրեբունի համայնքում գտնվող կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայի բացմանը։ Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոնը վերակառուցվել է «Թռչնագրիպի դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում` իրականացված Համաշխարհային բանկի, Ճապոնիայի տեխնիկական աջակցության PHRD և Թռչնագրիպի ու մարդու գրիպի կազմակերպության Բազմադոնորային հիմնադրամի դրամաշնորհների ֆինանսավորմամբ (1,5 միլիոն ԱՄՆ դոլար)։ Բացման արարողությանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ լե Ուերուն։
Կենտրոնի մուտքը երիզող ժապավենը կտրելուց հետո Տիգրան Սարգսյանը և Ֆիլիպ լե Ուերուն շրջել են շենքում, ծանոթացել լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության հնարավորություններին և աշխատանքային պայմաններին։
Հիմնանորոգված և արդիականացված կենտրոնը նախկին 700 քմ տարածքի փոխարեն այժմ զբաղեցնում է մոտ 3200 քմ տարածք, և յուրաքանչյուր բաժանմունք ունի իր առանձին լաբորատորիան։ Այն լիովին համապատասխանում է կենսաբանական անվտանգության երկրորդ կարգի լաբորատորիայի և հավաստագրման միջազգային չափորոշիչներին։ Լաբորատորիայի գործունեության երկակի ուղղվածությունը` սննդի անվտանգության և անասնաբուժական հիվանդությունների ախտորոշում, հնարավորություն է տալիս անհրաժեշտ թեստերի միջոցով հայտնաբերել կենդանիների և սննդի մեջ առկա ամենավտանգավոր ախտածին նյութերը։ Համաձայն հավատարմագրման պահանջների` ներդրվել է որակի վերահսկողության համակարգը։
Կենտրոնին տեխնիկական օժանդակություն և անհրաժեշտ սարքավորումներ են տրամադրել Հունաստանի կառավարությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ԱՄՆ Պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալությունը։
Այցի ավարտին կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին։