երկուշաբթի, 29 հունվարի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ԱՊՀ երկրների ծրագրի Եվրոպայի գծով տնօրեն Թոմաս Վուլֆին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետն իր ուրախությունն է հայտնել առաջիկայում ՀՀ-ի և ԱՄՀ-ի միջև ստորագրվելիք փոխըմռնման հուշագրի շուրջ աշխատանքները հաջողությամբ ավարտելու և սկզբունքային հարցերում համաձայնության գալու կապակցությամբ: Նա նշել է, որ հուշագրում ամրագրված կետերը իրատեսական են և, ըստ այդմ, իրագործելի: Վարչապետի կարծիքով, այս հանգամանքը շատ կարևոր է, որպեսզի չկրկնվի նախորդ տարիների օրինակը, երբ բանակցությունների արդյունքում պլանավորվում էին թվեր, որոնք տարեվերջին պարզվում էր՝ իրատեսական չէին:
ԱՄՀ-ի առաքելության պատվիրակությունը ղեկավարող Թոմաս Վուլֆը համաձայնելով ՀՀ վարչապետի կարծիքին, իր հերթին բավականին արդյունավետ է գնահատել փոխըմբռնման հուշագրի շուրջ համատեղ աշխատանքը, նշելով, որ նամանատիպ գործունեության դեպքում այսօրվա արդյունքին կարելի էր հասնել դեռ 9 ամիս առաջ: Նրա բնորոշմամբ, դժվար և ծանր ժամանակաշրջանը հաղթահարվել է, և շատ կարևոր է Հայաստանի այսօրվա քաղաքական կայունությունը: Դա և ԱՄՀ-ն, և մյուս բոլոր կազմակերպություններն անհրաժեշտ են համարում թե կառավարության կողմից որոշակի պարտավորությունների ու պատասխանատվության ստանձնման, թե հստակ քաղաքականության ձևակերպման առումով: Պրն Վուլֆն ընդգծել է, որ քաղաքական կայունությանը զուգընթաց, մայիս ամսից ի վեր ակներև է նաև հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ուղղված՝ գործադիր իշխանության ջանքերը, եկամուտների հավաքագրման հարցում արձանագրված դրական տեղաշարժը:
ԱՄՀ-ի առաքելության պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել նաև ՀՀ ԿԲ-ի դերը՝ դրամավարկային սահուն և անցնցում քաղաքականություն իրականացնելու հարցում, հատկապես 1999թ-ի վերջին և 2000-ի տարեսկզբին երկրում առաջացած քաղաքական ու տնտեսական ծանր իրավիճակներում: Թոմաս Վուլֆը ողջունել է նաև հակակոռուպցիոն ծրագրի մշակմանը, սոցիալական, պետական կառավարման ոլորտների բարեփոխումներին ուղղված կառավարության ջանքերը և հավաստիացրել, որ ԱՄՀ-ն այս հարցում, ուժերի ներածին չափ, կաջակցի Հայաստանին: