ուրբաթ, 22 օգոստոսի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի պատվիրակությանը, որի կազմում են համազեկուցողներ Եժի Յասկերնիան (Լեհաստան); Ռենե Անդրեն (Ֆրանսիա) և քարտուղար Վալերի Կլամերը: Պատվիրակության այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի, որպես ԵԽ անդամ երկրի, կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը՝ սեպտեմբերին ԵԽԽՎ-ում դրա վերաբերյալ նախատեսված քննարկումից առաջ:
Հանդիպման սկզբում ՀՀ վարչապետը նշել է, որ տեղյակ է պատվիրակության հանդիպումների ժամանակ ՀՀ ԱԺ ղեկավարության, մշտական հանձնաժողովների, խումբ-խմբակցությունների, քաղաքական ուժերի հետ ունեցած հանդիպումներում բարձրացված խնդիրներին, հնչած տեսակետներին ու դիրքորոշումներին և պատրաստ է պատասխանել համազեկուցողներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Պատվիրակության անդամները վարչապետից խնդրել են պարզաբանել պետական մարմինների կողմից կրոնի և ազգային փոքրամասնությունների հարցերի համակարգման, պետության կողմից վերջիններիս հատկացվող ֆինանսական աջակցության բաշխման մեխանիզմների, կրոնական կազմակերպությունների գրանցման, ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում ծագած հիմնախնդիրների, դրանց վերաբերյալ ընդդիմության կողմից արտահայտած տեսակետների, բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության իրականացման և այլ հարցեր:
Պատասխանելով համազեկուցողներին հետաքրքրող հարցերին՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրել է, որ եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ուղին ընտրած Հայաստանը պատրաստ է շարունակելու քննարկումները՝ առկա խնդիրներին լուծումներ տալու, Եվրախորհրդի առջև մեր երկրի ստանձնած պարտավորությունները լիարժեքորեն կատարելու համար: