կիրակի, 27 հուլիսի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության գյուղատնտեսության և գյուղատնտեսական բարեփոխումների նախարար Նուր Ադ-Դին Մունային և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հավաստելով Հայաստանի և Սիրիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները, քաղաքական և տնտեսական գործակցության բավարար մակարդակը, կողմերը նշել են, որ տնտեսական այլ ոլորտների թվում, համագործակցության լուրջ հեռանկարներ կան նաև գյուղատնտեսության բնագավառում: Հայաստանի և Սիրիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև 2000թ. սեպտեմբերին ստորագրված «Գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի հիման վրա 2001թ. ստեղծված երկամյա գործնական ծրագրի ավարտի կապակցությամբ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախարար Նուր Ադ-Դին Մունան արտահայտվել են փոխգործակցության շարունակման օգտին: Այդ տեսակետից նրանք կարևորել են, մասնավորապես, երկու երկրների նախարարությունների միջև այսօր ստորագրված գիտատեխնիկական համագործակցության 2003-2005թթ. նոր ծրագիրը, որը հնարավորություն կտա ապահովելու գյուղատնտեսության ոլորտում փոխհամաձայնեցված քաղաքականության իրականացումը: Ծրագրի իրագործման կարևոր ուղղությունների թվում կողմերը նշել են գյուղատնտեսական ապրանքների առևտրի համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ներդրումային դաշտի բարելավումն ու ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, գյուղատնտեսության բնագավառի տեղեկատվության փոխանակումը:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկ անգամ ևս նշել է հայ-սիրիական տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն աջակցելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը և հաջողություններ է մաղթել նախատեսված ծրագրերի իրականացման գործում: