հինգշաբթի, 28 օգոստոսի 2003
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2001 թ. մարտի 31-ի «ՀՀ քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման պետական ծրագրի մասին» որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման պահանջներով: Ծրագրով նախատեսվում է համակարգի ներդրման վերջին փուլում գնահատել ներդրված համակարգերի արդյունավետությունը և դրա հիման վրա առաջադրել գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգում ընդգրկված քաղաքացիների շրջանակի ընդլայնման նպատակահարմարության խնդիրը:
Ղեկավարվելով ՀՀ ջրային օրենսգրքի պահանջներով, կառավարությունը սահմանել է ջրահեռացման համակարգերի օգտագործման և ջրերի մաքրման կանոնները: Որոշման ընդունումը պայմանավորված է ջրահեռացման համակարգերի կառավարման պահանջվող մակարդակի ապահովման, հնարավոր վթարների կանխարգելման, մաքրման կառուցվածքների աշխատանքի նկատմամբ լաբորատոր-արտադրական և տեխնոլոգիական հսկողությունների կազմակերպման անհրաժեշտությամբ:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը դրական եզրակացություն է տվել «Հայխնայբանկում» ավանդադրված ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու և փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին:
«Ընդերքի մասին» օրենսգրքին համապատասխան, գործադիրը հաստատել է նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակով ընդերքի օգտագործման լիցենզավորման կարգը:
Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ջրամբարների ընթացիկ վիճակի գնահատման, դրանց վերականգնման, անհրաժեշտության դեպքում նաև այդ վերականգնումը ֆինանսավորող ծրագրի մշակման և կառավարություն առաջարկություններ ներկայացնելու կարգը: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել «ՀՀ տարածքում գործող ջրամբարների օգտագործման օրինակելի կանոնները» հաստատելու ժամանակացույց:
Այսօրվա նիստում որոշում է ընդունվել ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության կողմից պետության անունից մատուցվող հրդեհային պահպանության աշխատանքների ֆինանսավորման կարգի մասին: Սահմանվել է, որ 2003 թ. ընթացքում պետական կարևորագույն օբյեկտների հրդեհային պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և պահպանվող օբյեկտի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
Ի կատարումն ՀՀ կառավարության 1999 թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ապահովության ռազմավարության հիմնադրույթների պահանջների, գործադիրը հաստատել է անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը: Հանձնարարվել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին՝ փորձնական ծրագիրն իրականացնել Երևան քաղաքի Մաշտոց և Կենտրոն-1 տարածքային կենտրոնների կողմից սպասարկվող տարածքներում, ինչպես նաև մինչև 2004 թ. մարտի 1-ը ՀՀ կառավարություն ներկայացնել ծրագրի իրականացման արդյունքների մասին հաշվետվություն և առաջարկություն՝ համակարգը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ներդնելու համար:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել ՏԱՍԻՍ-ի 2003 թ. «Ազգային համակարգման կենտրոններին օժանդակություն ցուցաբերելու մասին» ֆինանսական առաջարկի շնորհ-նամակի ստորագրման առաջարկությանը: Առաջարկի շրջանակներում նախատեսվում է հատկացնել 5 մլն եվրո դրամաշնորհ, որը կֆինանսավորվի Եվրոպական հանձնաժողովի կողմից: Դրամաշնորհը բաշխվելու է բոլոր ԱՊՀ երկրների ՏԱՍԻՍ-ի «Աջակցություն ազգային համակարգման կենտրոններին» ծրագրերի միջև: Նիստում համաձայնություն է տրվել նաև «ՀՀ կառավարության ու Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության կառավարության միջև բրիտանական տեխնիկական աջակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը:
Այլ որոշումներով գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ սոցիալական ապահովության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության արդարադատության, սոցիալական ապահովության և արտոնությունների նախարարության միջև սոցիալական ոլորտում համագործակցության մասին», «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
Մեկ այլ որոշմամբ, լրացում կատարելով ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 25-ի «ՀՀ աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ, գործադիրն այդ ցանկում ընդգրկել է նաև Սյունիքի մարզի Տեղ գյուղի N1 և N 2 դպրոցները:
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում հաստատվել է նաև «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին» կանոնագիրքը: