ուրբաթ, 24 սեպտեմբերի 2010
Տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի նիստ
Այսօր կառավարությունում կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Խորհրդի անդամներին են ներկայացվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի շինարարական աշխատանքների վերահսկողության, երկրորդ և երրորդ տրանշների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրականացված խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթի ու հաղթող կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրի բանակցությունների արդյունքները։ Նշենք, որ նախորդ նիստում խորհուրդը հաղթող էր ճանաչել մրցույթում առաջին տեղը զբաղեցրած ընկերությանը և հաստատել վերջինիս հետ բանակցող խմբի ներկայացված կազմը։ Կառավարման խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի բանակցությունների արդյունքները։
Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը զեկուցել է Երևանի քաղաքային տրանսպորտի կայուն զարգացման ներդրումային ծրագրի հետագա ընթացքի մասին։ Մատնանշելով կառավարության որդեգրած տարածքների համաչափ զարգացման սկզբունքի կարևորությունը` վարչապետը ընդգծել է, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում պետք է կառուցվեն Երևանը շրջանցող և համապետական նշանակություն ունեցող ժամանակակից տրանսպորտային հաղորդակցության ուղիներ։