հինգշաբթի, 28 օգոստոսի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Բալթիմորի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն կարդինալ Վիլյամ Քիլերին և նրա գլխավորած պատվիրակությանն ուղեկցող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին:
Վարչապետը բարձր է գնահատել Հայ առաքելական և ԱՄՆ կաթոլիկ եկեղեցիների միջև զարգացող համագործակցությունն ու ջերմ հարաբերությունները, ինչի վկայությունն է նաև ԱՄՆ կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների այցը մեր երկիր: Քույր եկեղեցիների բարեկամությունը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, ի նպաստ ժողովուրդների և պետությունների է, միաժամանակ մեծ խթան՝ աշխարհում խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար: Վարչապետը անչափ կարևորել է նաև հայ եկեղեցու դերը սփյուռքի մեր հայրենակիցների կյանքում՝ հոգևոր արժեքների գնահատման ու հայապահպանման առումով:
Ամենայն Հայոց կաթողիկոսը ևս մեծապես կարևորել է եկեղեցիների միջև կապը՝ հատկապես ներկա դարաշրջանի մարտահրավերներին դիմակայելու, մարդկության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու տեսանկյունից:
Բալթիմորի արքեպիսկոպոս կարդինալ Վիլիամ Քիլերը այցի ընթացքում ստացած իր տպավորությունները ներկայացնելով վարչապետին՝ նշել է, որ ուրախ է դրական և անչափ ողջունելի փոփոխությունների համար, որոնք նկատել է քույր եկեղեցու կյանքում: Իբրև օրինակ նա առանձնացրել է հանրակրթական դպրոցներում կրոնի պատմության դասավանդումը: Նորին Սրբազնություն կարդինալ Վիլյամ Քիլերը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպման ընթացքում վարչապետից հետաքրքրվել են եկեղեցի-պետություն հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերով: Այդ հարաբերությունները և՛ ՀՀ վարչապետը, և՛ Ամենայն Հայոց կաթողիկոսը բավականին արդյունավետ են գնահատել, նշելով հատկապես վերջին շրջանում դրա համար անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծումը, եկեղեցուն երբևէ պատկանած հողերը պետության կողմից՝ իբրև սեփականություն, նրան վերադարձնելը և այլն: