երկուշաբթի, 4 հոկտեմբերի 2010
Տիգրան Սարգսյանը մասնակցել է Մոմիկի 750-ամյակի և բերքի տոնին նվիրված տոնակատարություններին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 3-ին Վայոց Ձորի մարզում էր, որտեղ տեղի են ունեցել հայկական վերածննդի ժամակաշրջանի հայ մանրանկարիչ, քանդակագործ ու ճարտարապետ Մոմիկի 750-ամյակին նվիրված տոնակատարությունները։ Օրբելյան իշխանական տան եկեղեցանիստ Նորավանքի վանքային համալիրի տարածքում տեղի է ունեցել Մոմիկի թանգարանի բացման արարողությունը, որտեղ կառավարության ղեկավարը շնորհավորել է ներկաներին թանգարանի բացման առթիվ։ Թանգարանի ցուցադրությանը ծանոթանալաց հետո կայացել է Մոմիկի 750-ամյակին նվիրված պետական հանձնաժողովի հոբելյանական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետին զեկուցվել է կառավարական հանձնաժողովի կողմից նախատեսված ծրագրի կատարման ընթացքի և հետագա անելիքների մասին։ Ամփոփելով հոբելյանական նիստը` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք արձանագրում ենք, որ բոլոր այն միջոցառումները, որ հանձնաժողովը հաստատել էր, ի կատար են ածվել, և որոշ միջոցառումներ էլ ընթացքում են։ Մեր քաղաքացիներին զանգվածային լրատվության միջոցներով փորձել ենք ներկայացնել Մոմիկի ժառանգությունը։ Իրականացված միջոցառումները` թե՛ երիտասարդների այցելությունները, թե՛ մրցույթները, թե՛ կրթաթոշակի սահմանումը, այդ մասին են վկայում»։
Վարչապետը Եղեգնաձոր քաղաքում մասնակցել է Մոմիկի 750-ամյակին նվիրված բացօթյա համերգային ծրագրին։ Մոմիկի 750-ամյակի տոնակատարություններին զուգահեռ Վայոց Ձորում տեղի է ունեցել նաև բերքի տոն, որը Եղեգնաձորում նշվում է 1965 թվականից ի վեր։ Այս առիթով ևս կառավարության ղեկավարը շնորհավորել է մարզի բնակիչներին և նշել, որ նման տոնակատարություններն այլևս պետք է ավանդական դարձնել։ Այնուհետև 8 վայոցձորեցիներ Մոմիկի ծննդյան 750-ամյակի միջոցառումներին ակտիվ մասնակցելու և Վայոց Ձորի մշակութային կյանքի զարգացման գործում ունեցած ավանդի համար արժանացել են վարչապետի խրախուսանքներին։
Բերքի տոնի առթիվ կազմակերպված ցուցահանդեսում շրջելուց հետո Տիգրան Սարգսյանը հարակից ճեմուղում ծառ է տնկել և այցելել Մոմիկի հուշարձանին։
Վարչապետի հաջորդ կանգառը 1968 թվականին կառուցված և 1998 թվականին վերանորոգված Եղեգնաձորի երկրագիտական թանգարանն էր, որտեղ հյուրերին ծանոթացրեցին շրջանում հնագիտական պեղումների գտածոներին։ Մոմիկի ծննդյան տոնակատարություններին նվիրված ծրագրի շրջանակներում պետք է իրականացվի նաև թանգարանի ջեռուցումը։
Տիգրան Սարգսյանն այցելել է «Գլաձորի համալսարանե պատմամշակութային արգելոց-թանգարան (սբ. Հակոբ եկեղեցի, XIII-XIVդդ.), որտեղ ունկնդրել է երիտասարդ կատարողների կողմից ներկայացվող հայ դասական երաժշտության կատարումներ և գրառում է թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում։