չորեքշաբթի, 3 սեպտեմբերի 2003
Այսօր Ստեփանակերտում ՀՀ և ԼՂՀ վարչապետները ստորագրել են հանդիպման արձանագրություն, որով երկու հանրապետությունների կառավարությունները հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու 2000թ. սեպտեմբերի 3-ին և 2001թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունների համագործակցության միջոցառումների» ծրագրերի իրագործումը, խորացնելու ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ձևավորված տնտեսական հարաբերություններն ու ինտեգրացումը, աջակցելու ԼՂՀ տնտեսական աճի ապահովմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը, ամրապնդելու ՀՀ-ի և ԼՂՀ-ի կրթության, մշակույթի բնագավառների միասնականությունը և այլ հրատապ հիմնախնդիրների լուծումն ապահովելու նպատակով հաստատել ու ՀՀ և ԼՂՀ կառավարությունների համագործակցության միջոցառումների ծրագիրը: Այն ներառում է գրեթե բոլոր ոլորտները: Ծրագրում հստակ ամրագրված են կատարման ժամկետը, պատասխանատու կատարողները, պահանջվող գումարի չափը և ֆինանսավորման աղբյուրները:
ՀՀ և ԼՂՀ վարչապետների ստորագրած արձանագրությամբ համապատասխան հանձնարարականներ են տրվել նախարարներին: ՀՀ և ԼՂՀ նախարարություններին, գերատեսչություններին և պատասխանատու այլ կատարողներին հանձնարարվել է նաև միջոցառումներ ձեռնարկել ծրագրի դրույթները սահմանված ժամկետներում կատարելու համար, անհրաժեշտության դեպքում մշակելով միջոցառումների առանձին ենթածրագրեր և յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնել հաշվետվություն միջոցառումների կատարման ընթացքի ու արդյունքների մասին:
Ծրագրի կատարման համակարգման պատասխանատվությունը դրվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի և ԼՂՀ փոխվարչապետ Յուրի Ղազարյանի վրա: