հինգշաբթի, 14 հոկտեմբերի 2010
Վարչապետի գավաթին արժանացավ պաշտպանության նախարարության թիմը
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ - 2010» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Միմյանց հետ մրցում էին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և պաշտպանության նախարարության թիմերը։
Խաղը ավարտվել է 3։0 հաշվով` հօգուտ պաշտպանության նախարարության թիմի, որն էլ վարչապետի կողմից ստացել է առաջին տեղի համար նախատեսված գավաթը։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են գլխավոր դատախազության և առողջապահության թիմերը։ Բացի գավաթներից մրցաշարի հաղթողները ստացել են մեդալներ, մարզահագուստ և հավաստագրեր։
Սահմանված էին նաև այլ մրցանակներ. լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան, կիսապաշտպան, ռմբարկու, լավագույն խաղացող, մրցաշարի մասնակից, լավագույն քաղաքացիական ծառայող, որոնց համապատասխանաբար արժանացել են Պարույր Հակոբյանը (մշակույթի նախարարություն), Սամվել Բարոյանը (էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն), Կամո Հարությունյանը (անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե), Խորեն Զաքարյանը (կենտրոնական բանկ), Հարություն Ծատուրյանը (կրթության և գիտության նախարարություն)։ Ամենակարգապահ թիմի մրցանակը հանձվել է Հայաստանի կառավարության աշխատակազմի թիմին։
Փակման հանդիսավոր արարողության ժամանակ վարչապետը նշել է. «Ֆուտբոլը Հայաստանում վերելք է ապրում։ Հայաստանի ազգային հավաքականի երեկվա փայլուն հաղթանակը Անդորրայի նկատմամբ դրա վկայություններից մեկն է։ Իսկ այսօրվա հաղթանակը ոչ միայն պաշտպանության նախարարությանն է` այլ բոլորինս, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։ Մեր նպատակը սպորտը` ֆուտբոլը, զանգվածային դարձնելն ու մեր ֆուտբոլի 1973թվականի համբավը վերադարձնելն է։ Համոզված եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր առջև դրել է այդ նպատակը և հաջողության կհասնի։ Այս մրցաշարի նպատակը, սակայն, հանրության ուշադրությունը դեպի ֆուտբոլը հրավիրել է»։