չորեքշաբթի, 20 հոկտեմբերի 2010
Արդյունավետ համագործակցությունը շարունակվում է
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն Մոնիկ Բարբութին։
Վարչապետը ողջունել է հյուրին և ընդգծել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության կարևորությունը։ Ներկայացնելով բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարութան կողմից իրականացվող ծրագրերը` Տիգրան Սարգսյանը խոսել է ոլորտում հասարակական կազմակերպությունների և կառավարության միջև ծավալված արդյունավետ երկխոսության մասին։
Հանդիպման ժամանակ կողմերը զրուցել են համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցերի և առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրերի շուրջ։ Պահպանվող տարածքների համատեքստում, մասնավորապես, քննարկվել են գյուղատնտեսական հողերի դեգրադացման ու Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է արվել վտանգավոր նյութերի և թափոնների նվազեցման ու կենսաբազմազանության պահպանության խնդիրներին։
Համագործակցության հեռանկարային ուղղությունների համատեքստում արծարծվել է նաև լուսավորության համակարգերի էներգաարդյունավետության բարձրացման հարցը։ Այդ առումով Տիկին Բարբութը ներկայացրել է տարբեր երկրներում այդօրինակ ծրագրերի հաջող իրականացման փորձը։