չորեքշաբթի, 20 հոկտեմբերի 2010
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է վիճակագիրներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային վիճակագրական ծառայությունում (ԱՎԾ) մասնակցել է Վիճակագրության համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Վեհաժողովի հռչակագրով 2010թ. հոկտեմբերի 20-ը հռչակվել և աշխարհում առաջին անգամ նշվում է որպես Վիճակագրության համաշխարհային օր։ «Ծառայություն, արհեստավարժություն և բարեխղճություն» կարգախոսի ներքո նշվող մասնագիտական այս տոնի նպատակը ողջ աշխարհում վիճակագրության կարևորության ճանաչումն է և ընդունումը։
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով վիճակագիրներին` վարչապետը, մասնավորապես, նշել է. «Վիճակագիրների գործը քիչ բանով է տարբերվում այն մասնագիտական աշխատանքներից, որոնք առնչվում են խնդիրների և մարտահրավերների հետ, երբ հանդիպում են խոչընդոտների, ընդվզումների, անհամաձայնությունների ու քաղաքական սուր քննադատությունների։ Իրենց գործին նվիրված այս մարդիկ հետևողականորեն ամեն օր ծանր աշխատանք են կատարում, առանց որի հնարավոր չէ ապահովել մարդկության առաջընթացը և զարգացումը։ Եթե չլինի վիճակագրությունը, մենք չենք կարող տալ գնահատականներ` ինչ ուղղությամբ ենք գնում, որտեղ են մեր խնդիրները, բացթողումներն ու նվաճումները, և ինչպես են չափվում այս բոլոր երևույթները։ Ձեր մասնագիտական նվիրումով դուք ներդրում եք կատարել մեր պետականության ամրապնդման ու պետության զարգացման գործում»։
Այնուհետև կառավարության ղեկավարի ներկայությամբ վիճակագրության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱՎԾ մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են շնորհակալագրերով։