չորեքշաբթի, 20 հոկտեմբերի 2010
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ռուսաստանի հայերի միության տասնամյակին նվիրված միջոցառմանը
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Ռուասաստանի հայերի միության տասնամյակին նվիրված միջոցառմանը։ Իր ելույթում կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Հայ ժողովրդի պատմության մեջ տասնամյակը մի ակնթարթ է։ Հասկանալի է, որ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի պատմությունը գնահատի այն դերակատարությունը, որ ունենալու է Ռուսաստանի հայերի միությունը մեր ժողովրդի համախմբման գործում, բայց միևնույն ժամանակ կարող ենք ասել, որ դիտարկելով այս տասը տարվա գործունեությունը, որը ծավալել է Ռուսաստանի հայերի միությունը` տեսնում ենք, որ իրականացված բազում միջոցառումներն անխուսափելիորեն թողնելու են իրենց հետքը ինչպես նորանկախ պետության կայացման, այնպես էլ սփյուռքահայության համախմբման գործում։ Առավել կարևոր է հայապահպանությանն ուղղված գործունեությունը, որը ծավալում է միությունը»։
Խոսելով Ռուսաստանի հայերի միության աշխատանքի մասին` վարչապետը կարևորել է դրա ազդեցությունը համայն հայության ներուժի ամրապնդման ու Հայկական աշխարհի ձևավորման գործում. «Դրանով իսկ ձևավորվում և ամրապնդվում է Հայկական աշխարհը և կապերը հայկական համայնքների միջև։ Այսօր անհրաժեշտ է անդրադառնալ նաև այն աշխատանքներին, որ Ռուսաստանի հայերի միությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղում։ Դրանք ոչ միայն հումանիտար ծրագրեր են, այլ նաև իրական ներդրումային ծրագրեր, որոնք նույնպես, համոզված եմ, իրենց դրական արդյունքն են թողնելու ոչ միայն այսօրվա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա, այլ նաև լուրջ հիմքեր են դնում ապագա կայուն զարգացման համար»։
Տիգրան Սարգսյանն ընդգծել է պետական կառույցների ու միության համագործակցության կարևորությունը և նշել, որ դա նպաստում է իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն, ինչպես նաև Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների բազմազան խնդիրների լուծմանը։ Ամփոփելով խոսքը` Տիգրան Սարգսյանը միությանը մաղթել է նորանոր հաջողություններ հայրենանվեր բոլոր ձեռնարկներում։