հինգշաբթի, 21 հոկտեմբերի 2010
Վարչապետը կարևորում է Հայաստանում «Էրիքսոն» ընկերության գրասենյակի բացումը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում «Էրիքսոն» ընկերության գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը։
«Էրիքսոն» ընկերության Հյուսիսային Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Պուշկարիչի հետ նոր գրասենյակի մուտքի ժապավենը կտրելուց հետո վարչապետ Սարգսյանը ողջունել է ներկաներին և նշել. ««Էրիքսոն» ընկերությունն իր վստահությունը վաստակել է երկարաժամկետ գործունեության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրած հաջողությունների շնորհիվ։ Հայաստանի Հանրապետության կառավարության համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն առաջնահերթություն է, և ՏՏ շուկայում ընկերության ակտիվ գործունեությունը նպաստելու է մեր ծրագրի իրականացմանը։ Մենք շահագրգռված ենք, որ «Էրիքսոն»-ն ավելացնի իր գործունեությունը մեր շուկայում` խթանելով մրցակցությունը ու բերելով բիզնես միջավայրում նոր վարվելաձև և նոր ստանդարտներ։ Գրասենյակի բացումը նշանակում է, որ «Էրիքսոն»-ը Հայաստանում ունի երկարաժամկետ ծրագրեր, և նրա հաճախորդները կկարողանան ստանալ նոր տիպի որակյալ ծառայություններ»։
Կառավարության ղեկավարն ընդգծել է ուսանողական միջավայրում գրասենյակի բացման կարևորությունը, ինչը կնպաստի կրթական բարեփոխումների իրականացմանը ու կրթական համակարգի, գիտության և իրական հատվածի միջև կապի ապահովմանը։
Անդրադառնալով ՏՏ ոլորտում իրականացվող մալուխային կապի լայնաշերտ ցանցի ստեղծման ծրագրին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Այդ ծրագրի իրականացումը, մի կողմից, խթանելու է մրցակցությունը, մյուս կողմից` ստեղծելու է այնպիսի միջավայր, որը հնարավորություն կտա միասնական ոլորտային ցանցով միմյանց կապել կրթական հաստատությունները, դպրոցները, համալսարանները, պետական կառավարման մարմինները և ավելի էժան ու որակյալ ծառայություններ մատուցել ՀՀ բոլոր համայնքներին։ Նմանատիպ նախաձեռնություններ և առաջարկություններ կառավարությունը հետագայում ևս իրականացնելու է, և «Էրիքսոն»-ի ներկայությունը մեր շուկայում մեզ վստահություն է տալիս, որ նման ծրագրերի նկատմամբ հետաքրքրությունը լինելու է բավական մեծ»։