երկուշաբթի, 25 հոկտեմբերի 2010
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նորընտիր կուսակցականներին
Վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանն երեկ հանդիպել է ՀՀԿ անդամության հայտ ներկայացրած երիտասարդների հետ։ Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 150 երիտասարդներ` հիմնականում գիտաշխատողներ, ասպիրանտներ և մագիստրոսներ։
Վարչապետը ողջունել է ներկաներին ու հանդես եկել դասախոսությամբ «Քաղաքական գործիչների մարտահրավերները 21-րդ դարում» թեմայով։ Տիգրան Սարգսյանն առանձնացրել է երեք հիմնական դրույթ, որոնք ժամանակակից քաղաքական գործիչները պետք է հաշվի առնեն, և մասնավորապես, նշել. «Առաջինն այն է, որ արագ փոփոխվող աշխարհն անսպասելի և անկանխատեսելի խնդիրներ է բացահայտում, և քաղաքական գործիչը պետք է պատրաստ լինի այդ մարտահրավերին։ Քաղաքական գործիչների համար դա ենթադրում է առանձնահատուկ կարողություններ` խորը գիտելիքներ, սովորելու մշտական ձգտում և սեփական գաղափարախոսության ու արժեքային համակարգի ձևավորում։ Երկրորդ կարևոր խնդիրն այն է, թե ժամանակակից քաղաքական գործիչն ինչպես է որոշում կայացնում, քանի որ որոշման կայացման մեթոդաբանությունն ունի ֆունդամենտալ նշանակություն։ Քաղաքական գործիչն ունենում է թիմ, որով փորձում է իրականացնել իր գաղափարախոսությունը, և որոշումները պետք է այնպես կայացվեն, որ քաղաքական գործչի թիմն զգա, որ ինքը նույնպես մասնակից է այդ որոշման կայացմանը։ Երրորդ դրույթն այն է, որ ժամանակակից աշխարհում պետությունները դասական իմաստով իրենց բազմաթիվ գործառույթներից կամովին հրաժարվում են` գիտակցելով, որ այդ գործառույթները պետք է իրականացնեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ մասնագիտացված կառույցները։ Դա նշանակում է, որ քաղաքական գործիչների ոլորտը և գործառույթների դաշտը 21-րդ դարում փոխվում է»։
Կառավարության ղեկավարը կարևորել է երիտասարդության քաղաքական ակտիվ մասնակցությունը` որպես «ՀՀ կադրային բանկի» առողջացման միջոց, խոսել ազգային-պահպանողական գաղափարախոսության արդիականության և ժամանակակից քաղաքական գործընթացներում ՀՀԿ ունեցած դերի կարևորության մասին։ Մասնավորապես, նա անդրադարձել է հիմնական գերակայություններին և արդի մարտահրավերներին, ընդգծել հայաստանյան ժամանակակից քաղաքական համակարգում, քաղաքական մտքի ձևավորման ու իրագործման գործընթացներում և գիտելիքահենք հասարակության կայացման գործում երիտասարդության դերի կարևորությունը։
Միջոցառման ավարտին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը կուսակցական տոմսեր է հանձնել ՀՀԿ անդամության հայտ ներկայացրած 100 երիտասարդներին։