երկուշաբթի, 25 հոկտեմբերի 2010
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ փոխնախագահ Մոհամադռեզա Ռահիմիի հետ
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ առաջին հանդիպում-առանձնազրույցը տեղի է ունեցել ԻԻՀ նախագահական համալիրի կենտրոնական մասնաշենքում` Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են վարչապետի գլխավորած պատվիրակության անդամները։
Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները զարգանում են ի շահ երկու պետությունների։ Իրագործվել և իրագործվում են մի շարք ծրագրեր, որոնք կապահովեն հարաբերությունների նոր մակարդակ, մասնավորապես ապրանքաշրջանառության ծավալը Հայաստանի և Իրանի միջև կազմում է տարեկան միջինը 200 միլիոն դոլար։ Հայաստանից Իրան մեծամասամբ արտահանվում են կենդանական ծագման մթերքներ, հանքահումքային ապրանքներ, իսկ Իրանից Հայաստան` վառելիք, պարարտանյութեր և այն։