չորեքշաբթի, 10 սեպտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոնի Բադաուին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Անդրադառնալով հայ-լիբանանյան հարաբերություններին, վարչապետն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Լիբանանի միջև քաղաքական համագործակցության մակարդակից: Իբրև երկու երկրների և ժողովուրդների լիակատար փոխըմբռնման վկայություն, նա նշել է, մասնավորապես, համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև լիբանանահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը: Քաղաքական գործակցության բարձր մակարդակը, ըստ վարչապետի, նպաստավոր հիմքեր է ստեղծում նաև զարգացման դեռևս չօգտագործված հնարավորություններ ունեցող երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման համար: Անդրադառնալով այդ ոլորտում համագործակցության հեռանկարներին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և դեսպան Տոնի Բադաուին կարևոր են համարել համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, գործարար կապերի աշխուժացումը, տեղեկատվության փոխանակումը:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել պարոն Տոնի Բադաուին իր հետագա գործունեության մեջ՝ հույս հայտնելով, որ այսուհետ ևս հայ-լիբանանյան հարաբերությունները նույն հաջողությամբ կզարգանան: