երեքշաբթի, 2 նոյեմբերի 2010
Տիգրան Սարգսյանն ընդունել է Շեյխա Լուբնա Ալ-Քասիմիին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ-Քասիմիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել` մասնակցելու հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովին։
Ողջունելով հյուրերին` վարչապետը հույս է հայտնել, որ արտաքին առևտրի նախարարի գլխավորած ներկայացուցչական այցը մեր երկիր նոր խթան կհանդիսանա հայ-էմիրաթական առևտրատնտեսական կապերի զարգացման համար։ Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը և այդ համատեքստում ընդգծել հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման անհրաժեշտությունը, որը նախատեսվում է անցկացնել 2011թ. սկզբին` Երևանում։ Հայկական կողմից մինջկառավարական հանձնաժողվի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։
Հանդիպման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցություն է հայտնել ԱՄԷ Ռաս Ալ-Խայմայի կառավարիչ Շեյխ Սակր բին Մուհամմադ ալ-Քասիմիի մահվան կապակցությամբ։
ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարության ղեկավարին ջերմ ընդունելության համար և նրան փոխանցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ ալ Մաքթումիի ջերմ ողջույնները։
Շեյխա Ալ Քասիմին տեղեկացրել է, որ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են 40 գործարարներ, հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորություններով և պատրաստ են ուսումնասիրել և ներդրումներ կատարել տնտեսության ամենատարբեր ոլորտներում։
Որպես երկկողմ տնտեսական համագործակցության առավել հեռանկարային ոլորտներ, կողմերը նշել են բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության բնագավառները։ Առավել հեռանկարային է համարվել գյուղատնտեսական ապրանքների, խմելու ջրի արտահանման, ազատ առևտրի գոտիների ստեղծման և այլ բնագավառների զարգացումը։ Կարևորվել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպվող ամենատարբեր ցուցահանդեսներին հայ գործարարների մասնակցությունը։
Երկուստեք ընդգծվել է, որ կգործադրվեն հնարավոր բոլոր ջանքերը, որոնք կուղղվեն մեր երկրների հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Վարչապետը ողջունել է, Fly Dubai ավիաընկերության մուտքը Հայաստան, ինչն ըստ Տիգրան Սարգսյանի, էապես կնպաստի երկու երկրների միջև օդային չվերթների ավելացմանն ու առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը։