հինգշաբթի, 4 նոյեմբերի 2010
Վարչապետն ընտրվել է ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի պատվավոր նախագահ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության ընդլայնված նիստին։
Ֆեդերացիայի նորընտիր նախագահ Սուրիկ Խաչատրյանի և ֆեդերացիայի անդամների առաջարկով կառավարության ղեկավարն ընտրվել է ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի պատվավոր նախագահ։
Կարևորելով մարզական կառույցների աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում` վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սպորտը պետք է էական դերակատարություն ունենա մեր հասարակության կյանքում, քանի որ առանց սպորտի դժվար է պատկերացնել առողջ կենսակերպ։ Հուսով եմ, որ ֆեդերացիան իր լուման կներդնի վոլեյբոլը Հայաստանի Հանրապետությունում մասսայական դարձնելու գործում։ Դրա համար անհրաժեշտ է մշակել միջոցառումների ծրագիր և փորձել բոլոր կառույցներում կազմակերպել սպորտային միջոցառումներ։ Որպես սպորտաձև` վոլեյբոլն ունի բավական մեծ ներուժ Հայաստանում, և միասին մենք կարող ենք նպաստել վոլեյբոլի նկատմամբ ուշադրության ու հետաքրքրության ավելացմանը»։
Վոլեյբոլի ֆեդերացիայի կանոնադրության մեջ առաջարկվող փոփոխությունների հաստատումից հետո ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում քննարկվել են ֆեդերացիայի գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր։