երկուշաբթի, 15 սեպտեմբերի 2003
ՀՀ վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է եռօրյա այցով Հայաստանում գտնվող Չինական Ժողովրդական Հանրապետության պատվիրակությանը՝ ՉԺՀ կոմկուսի կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Լո Գանի գլխավորությամբ:
Ողջունելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրաստիճան հյուրերին, վարչապետը հույս է հայտնել, որ նրանց այցը մեր երկիր նոր խթան կհանդիսանա երկկողմ գործակցության զարգացման համար: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ առավել ևս հաճելի է ՉԺՀ պատվիրակության ղեկավարին ընդունել որպես բարեկամ պետության իշխող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցչի: Նա ընդգծել է, որ այս այցով երկու երկրների միջպետական, քաղաքական գործակցությունը համալրվում է նոր գործնական քայլով՝ միջկուսակցական համագործակցությամբ, որի նպատակը երկու պետությունների միջև կապերի սերտացմանը հնարավորինս նպաստելն է: Վարչապետը շեշտել է, որ Հայաստանը հատուկ նշանակություն և կարևորություն է տալիս Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև աշխարհում խաղաղության պահպանմանն ու կայունության հաստատմանն ուղղված Չինաստանի կառավարության ջանքերին: Նա երախտագիտություն է հայտնել ՉԺՀ կառավարության կողմից մեր երկրին հատկացվող օգնության համար, ինչպես նաև հավաստել է ՀՀ կառավարության հավատարմությունը 2000թ. դեկտեմբերին երկու երկրների կառավարությունների միջև Պեկինում ստորագրված համատեղ կոմյունիկեի սկզբունքներին: Վարչապետը վերահաստատել է մեր երկրի դիրքորոշումը Թայվանի հարցում, ըստ որի Հայաստանը ՉԺՀ-ն ճանաչում է որպես Չինաստանի միակ օրինական կառավարություն, իսկ Թայվանը՝ Չինաստանի տարածքի անբաժանելի մաս:
ՉԺՀ պատվիրակության ղեկավար Լո Գանը ևս նշել է, որ աշխարհագրական հեռավորությունը երբեք խոչընդոտ չի դարձել հայ և չին ժողովուրդների շփումների զարգացմանը: Ըստ նրա, Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, զարգանում և ամրապնդվում են միջպետական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա: ՉԺՀ բարձրաստիճան հյուրը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և նրա ղեկավարին՝ հրավերի համար և հույս հայտնել, որ երկու կուսակցությունների համագործակցությունը միջպետական հարաբերությունների զարգացման գործում զգալի դեր կունենա: Պարոն Լո Գանը ընդգծել է նաև Հայաստանի և Չինաստանի հաջող գործակցությունը միջազգային ասպարեզում՝ նշելով, որ իր երկիրը անկեղծորեն սատարում է Հայաստանի ջանքերը անկախ պետականության պահպանման ու զարգացման գործում և հարգանքով է վերաբերում մեր երկրի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը:
Կողմերը համակարծիք են եղել, որ վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները առաջընթաց են ապրում՝ ընդգրկելով հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի բազմաթիվ ոլորտներ:
Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, մասնավորապես, գործընկերության հաջող փորձը քիմիական ոլորտում՝ նշելով, որ երկկողմ ջանքերի արդյունքում հաջողությամբ առաջ է ընթանում սինթետիկ կաուչուկի համատեղ ձեռնարկության ծրագիրը, այդ ոլորտում քննարկվում են նաև այլ համատեղ նախագծեր: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ հաջողված փորձը պետք է տարածել տնտեսական համագործակցության այլ ոլորտների՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթև արդյունաբերության վրա: Անդրանիկ Մարգարյանը ողջունել է նաև չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Հայաստանի էներգետիկ բնագավառի մրցույթներին և այլ ծրագրերին:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը ՉԺՀ պատվիրակության ղեկավարին խնդրել է իր ջերմ ողջույնները հաղորդել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ Վեն Ձյաբաոյին և նրան փոխանցել Հայաստան այցելելու իր հրավերը:
Հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանը և Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ցզո Սյու Ել Յանը կառավարությունում ստորագրել են ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև «ՉԺՀ կառավարության կողմից ընդհանուր նյութական ռեսուրսների հատկացման համար 5 մլն Ժենմինբիլ յուանի անհատույց օգնության հատկացման մասին» նամակների փոխանակման ձևով համաձայնագիրը: