երեքշաբթի, 16 նոյեմբերի 2010
Կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի նիստ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նիստում հաստատվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող Երևան-Աշտարակ 11,71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթի արդյունքները։
Խորհուրդը քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Բազմափուլ ֆինանսավորման գործիքի վերաբերյալ Ասիական զարգացման բանկի 2010թ. հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 4-ը կայացած այցելության հուշագիրը և հավանության է արժանացրել այն` խորհրդի անդամների ներկայացրած առաջարկություններով ու դիտողություններով հանդերձ։
Ի թիվս օրակարգային հարցերի, ներկայացվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի` Աշտարակ-Թալին հատվածի ծրագիծը։ Ընդհանուր առմամբ հավանություն տալով կատարված աշխատանքներին` վարչապետը հանձնարարել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների իրականացման տարբերակների հստակ գնահատականների վերաբերյալ։