Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 նոյեմբերի 2010

Բիզնեսի բեռը կթեթևանա, սպառողների անվտանգությունը չի տուժի




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչ նիստի օրակարգին անցնելը վարչապետն անդրադարձել է երկու շաբաթ առաջ իր կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին և այն փոփոխություններին, որ կատարվում են ՀՀ առողջապահության, կրթության և գիտության, գյուղատնտեսության և ֆինանսների նախարարություններում (վարչապետի ներածական խոսքը տեղադրված է առանձին)։ Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2009թ. մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» N 594-Ա որոշման մեջ, երկարաձգելով տեսչական ստուգումների ժամանակավոր կասեցման արգելքի ժամկետը։ Միաժամանակ որոշումը լրացվել է նոր բովանդակությամբ, ըստ որի` ստուգումների կասեցման արգելքը վերանում է ստուգում իրականացնող այն մարմինների համար, որոնցում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման ավարտը հաստատվել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի կողմից։ Տեսչական ստուգումների կասեցման երկարաձգում նախատեսող որոշմամբ նախատեսվում է կասեցումը դադարեցնել այն տեսչությունների մասով, որտեղ կավարտվի ռիսկի վրա հիմնված ստուգումների ներդրման գործընթացը։ Նշված համակարգով տեսչական ստուգումները չեն կարող բիզնեսի համար հանդիսանալ այնպիսի բեռ, ինչպիսին հանդիսանում են ներկայումս։
Սպառողների անվտանգության առաջնայնությունն ընդգծելու նպատակով որոշման մեջ ներառվել է բացառություն` անձի իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերի մասով, որոնք գտնվելու են գործադիրի ղեկավարի անմիջական հսկողության ներքո։
Կարևորելով որոշման ընդունումը` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս հարցը մտահոգում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր մի քանի անգամ դիմել են ինձ այն մասին, որ հունվարի մեկին լրանում է փոքր և միջին ձեռնարկություններում տեսչական ստուգումներ իրականացնելու արգելքը, և այս որոշումով մենք տալիս ենք հստակ պատասխան. 10-ից ավելի տեսչական մարմինները ո՞ր պարագայում է, որ փոքր և միջին ձեռնարկություններում ստուգումներ իրականացնելու հնարավորություն են ստանալու։ Մոտեցումը շատ հստակ է. այն տեսչական կառույցները, որոնք անցնելու են ռիսկերի վրա հիմնված տեսչական ստուգումների բարեփոխումների այն ծրագրով, որը մենք ձեզ հետ միասին հաստատել ենք և որի շրջանակներում ստանում ենք լրջագույն տեխնիկական օժանդակություն։ Դա խթան կլինի, որ տեսչական ռեֆորմները մեզ մոտ ավելի արագ ընթացքով առաջ գնան։ Եվ մենք նաև կնվազեցնենք այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք ձեզ հետ միասին բացահայտում ենք այդ ոլորտներում»։

Կառավարությունը հաստատել է

- Ապրանքային նշանների հայտերի լրացման, ներկայացման և քննարկման, կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու, ապրանքային նշանների գրանցամատյանի վարման և քաղվածքների տրամադրման, ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարումը գրանցելու, ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման կարգերը,
- ՀՀ պետական կառավարման մարմնի աշխատակազմում պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման օրինակելի կարգը և հավանություն տվել ՀՀ պետական կառավարման մարմնի աշխատակազմում գույքագրման օրինակելի կարգին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս կապակցությամբ շեշտել է, որ անցած երկու տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել ներքին բիզնես գործընթացների կանոնակարգման առումով։ Դա հասարակության համար չերևացող, բայց կառավարման արդյունավետության բարձրացման համար կարևոր գործընթաց է, որտեղ պատասխանատուները և պատասխանատվությունը հստակորեն բացահայտվում են։ Այս բարեփոխումները տրամաբանական ավարտին կհասցվեն 3 տարվա ընթացքում, ասել է վարչապետը։
Հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակման նպատակով համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Հարկերի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթներում, որոնցով հստակեցվում են փոխկապակցված անձանց հարկային հարաբերությունները, կանոնակարգվում «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծվող ապրանքների ԱԱՀ գանձման մեխանիզմները և հարկման այլ գործընթացներ։ Կարևորելով փոփոխությունները, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս հարցը բուռն քննարկումներ է անցել, նաև քննարկվել է ԵվԲԱԽի նիստում, բացահայտվել են մի քանի հիմնախնդիրներ։ Համար մեկ խնդիրն այն է, որ խոշոր բիզնեսը փորձում է օգտվել այն հանգամանքից, որ մենք արտոնություններ ենք տալիս փոքր և միջին ձեռնարկություններին, և շատ հաճախ ստեղծում են ժամանակավոր ձեռնարկություններ, որոնց միջոցով կարողանում են ապրանքներ ներմուծել զրոյական դրույքաչափով, ձևակերպելով այդ ձեռնարկությունների վրա, որոնք գտնվում են ավելացված արժեքի հարկման շեմից ավելի ցածր ծավալ ունեցող ձեռնարկությունների շարքում։ Ըստ էության` այս փոփոխությունը, որ կատարում ենք, նպատակ ունի պաշտպանել փոքր և միջին բիզնեսն և թույլ չտալ, որ խոշոր բիզնեսը բաղդատվի մասերի և օգտվի հարկային արտոնյալ ռեժիմներից։ Դրա համար նաև մենք ներմուծում ենք փոխկապակցվածության ինստիտուտը և հնարավորություն ենք տալիս ՊԵԿ-ին այդպիսի դեպքեր բացահայտելու պարագայում կիրառել օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավորությունները, թույլ չտալ, որ խոշոր բիզնեսը խուսափի հարկերից։ Իմաստը սա է, և նման օրենսդրական փոփոխություններն ակնհայտորեն պետք է միտված լինեն փոքր և միջին բիզնեսի շահերի պաշտպանությանը, որպեսզի թույլ չտանք, որ փոքր և միջին բիզնեսի դաշտում հայտնվեն խոշոր ձեռնարկություններ։ Դրա համար այս նախագիծն ի սկզբանե պետք է հստակ ներկայացվի հանրությանը, որ հասկանալի լինի, թե ինչ խնդիր ենք լուծում»։
Գործադիրը հավանություն է տվել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում առևտրի և սպասարկման օբյեկտների նախագծային լուծումների կատալոգի ներդրմանը, ինչը նպատակ ունի նշված տարածքներում կանոնակարգել անկանոն և տարաբնույթ կառուցապատումը և ձևավորել քաղաքաշինական միասնական ճարտարապետական լուծումներով միջավայր, կառուցապատում իրականացնելիս առաջնորդվել կատալոգում ներառված նախագծային լուծումներով։
Կառավարությունը փոփոխություններ է կատարել 2008թ. սեպտեմբերի 4-ի «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման մեջ, վերակազմակերպել Արաբկիրի հարկային տեսչությունը` վերջինին միացնելով Արաբկիրի 1 հարկային տեսչությունը, միաձուլման ձևով Սպանդարյանի հարկային տեսչությունը և Սպանդարյանի 1 հարկային տեսչությունը վերակազմակերպել Կենտրոնի հարկային տեսչության, Խորհրդայինի հարկային տեսչությունը վերանվանել Նոր Նորքի, Շահումյանի հարկային տեսչությունը` Մալաթիա-Սեբաստիայի հարկային տեսչության, ՊԵԿ աշխատակազմի կառուցվածքի համապատասխան բաժինները շարադրվել են նոր խմբագրությամբ։ Փոփոխությունները կատարվել են ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության և հարկային մարմնի կառավարման արդյունավետ համակարգի ներդրման նպատակի շրջանակում։ Որոշման ընդունմամբ Երևան քաղաքում միացման միջոցով կրճատվում են երկու հարկային տեսչություններ, տնտեսվում են համապատասխան հաստիքներ, օպտիմալացվում է հարկային մարմնի կառավարման համակարգի կառուցվածքը։


ՀԴՄ յուրաքանչյուր վիճակահանությանը կտրամադրվի 10 ավտոմեքենա


Կառավարությունն էական փոփոխություններ և լրացումներ է կատարել հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին որոշմամբ հաստատված կարգի մեջ։ 2011թ. հունվարից ՀԴՄ կտրոնների վիճակահանության արդյունքում շահող կհամարվեն ՀԴՄ այն կտրոնները, որոնց հատուկ համարի 2 և ավելի նիշերն առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ կհամընկնեն վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին։ Որոշմամբ նախատեսվում է յուրաքանչյուր վիճակահանության ժամանակ խաղարկել տասը ավտոմեքենա, այդ թվում` ութ և յոթ նիշերի համընկմամբ հատուկ համար պարունակող շահումների դեպքում տրամադրել մեկական ավտոմեքենա և համապատասխանաբար 1 մլն և 100 հազար դրամ պարգևավճար, իսկ ավտոմեքենաների չսպառված քանակները տրամադրել համապատասխանաբար վեց և հինգ թվերի համընկմամբ շահած` կտրոնի առավելագույն գործարքի արժեք ունեցող կտրոն ունեցող անձանց։ 6, 5, 4, 3, 2 թվերի` առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ շահողները համապատասխանաբար կստանան հիսուն հազար, քսան հազար, հինգ հազար, երկու հազար, հինգ հարյուր դրամ։ Որոշման համաձայն դադարեցվում է վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակի դիմաց բոնուսների վճարումը։ Դրա փոխարեն նախատեսվում է, որ 2011թ. հունվար ամսվա վիճակահանությանը կմասնակցեն նաև 2010թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տրամադրված ՀԴՄ կտրոնների հատուկ համարները։ Այդ կապակցությամբ 2011թ. հունվար ամսվա վիճակահանությանը կհատկացվի երեսուն ավտոմեքենա։


Միջազգային համագործակցություն


Կառավարությունը համաձայնություն է տվել.
- «Համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և հետագայում դրանց զարգացման և օգտագործման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Վերոհիշյալ համաձայնագրի շրջանակում առողջապահության ոլորտում կներդրվեն բարձր տեղեկատվական տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան իրականացնել հեռախորհրդատվություններ, բժշկական տեսակոնֆերանսներ, հեռակոնսիլիումներ, ախտորոշիչ և բժշկական միջամտություններ` հեռակառավարող սարքերի օգնությամբ, բժշկական օգնություն ցուցաբերել համապատասխան բուժական ենթակառուցվածքներ չունեցող կամ ոչ բավարար մակարդակի բուժսպասարկում տրամադրող հեռավոր շրջանների հիվանդներին,
- ԱՊՀ շրջանակներում ստորագրվելիք` «Մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության ոլորտում համագործակցության և մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության հարցերով միջպետական խորհրդի ստեղծման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը,
- «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի լրացում» համաձայնագրի կնքման առաջարկությանը, ինչը թույլ կտա ըստ սահմանված ժամանակացույցի ապահովել ծրագրի նախապայմանների իրականացումը։
Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 16-ի «Մեղրի հիդրոէլեկտրակայանի կառուցման մասին» N 1237-Ն որոշման մեջ, «Ֆարաբ-Սեպասադ» համատեղ ձեռնարկության փոխարեն Մեղրի հիդրոէլեկտրակայանի կառուցման համար պայմանագրի կողմ է ճանաչել վերջինիս կողմից հիմնադրված «Թավան Աբ Արաս Քոմփանի» ընկերությունը, ինչը և նախատեսված է եղել նախկինում կնքված պայմանագրով։
Մեկ այլ որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման հարթակի սեյսմոտեկտոնիկ վերագնահատման աշխատանքներն ավարտելու և վճարումներ կատարելու նպատակով համապատասխան լրացում է կատարվել «ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների պետական գնման N ԾՁԲ-09/22 պայմանագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ։


Օրենսդրական նախաձեռնություններ


Կառավարությունը հավանություն է տվել.
- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է խստացնել պատասխանատվությունն ապօրինի որսորդությամբ` այդ թվում ձկնորսությամբ զբաղվելու համար,
- «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին։
Քննարկելով ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Վարդան Այվազյանի և Մարտին Սարգսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, գործադիրը դեմ է արտահայտվել ներկայացված նախագծի ընդունմանը, հավանություն տվել այդ առթիվ կառավարության եզրակացության նախագծին։
ՀՀ կառավարության եզրակացությունը և հավանության արժանացած ՀՀ օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Այլ որոշումներ


Նկատի ունենալով ՀՀ 2010թ. պետական բյուջեում արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված հատկացումների անբավարարությունը և մինչև տարեվերջ այդ ուղղությամբ ծախսերի ֆինանսավորման անհրաժեշտությունը, կառավարությունը որոշել է 2010թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի գծով նախատեսված հատկացումների նվազեցման հաշվին 50.0 մլն դրամով ավելացնել արտասահմանյան պաշտոնական գործուղումների տարեկան գումարը։
ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 24-ի N 1522 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելով, կառավարությունը 8.000.0 հազար դրամ է հատկացրել Գյումրու նոր կառուցվող Մուշ-2 թաղամասի 280 տեղանոց մանկապարտեզի կառուցման և 1.800.0 հազար դրամ` նույն թաղամասի դպրոցի տեղակապման և նոր մասնաշենքի ավելացման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման, 7.000.0 հազար դրամ` Երևանի թիվ 105 դպրոցի տանիքի հիմնանորոգման աշխատանքների ավարտման, 4.700.0 հազար դրամ` Հայաստանի մարզական միության ծանրամարտի մարզադպրոցի լոկալ ջեռուցման համակարգի ընդլայնման համար։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է 60 մլն դրամ Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող վարչական շենքը վերանորոգելու նպատակով, իսկ ՀՀ ոստիկանությանը գումար է հատկացվել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում պահակային ծառայություն իրականացնելու համար։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ պետական կառավարման առանձին մարմիններին հատկացվել է 119.000.0 հազար դրամ` ծառայողական ավտոմեքենաներ ձեռք բերելու համար։
Հանրապետության մի շարք համայնքներում ջրային ոլորտում իրականացվող ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով կառավարությունը ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին իր պահուստային ֆոնդից 2010թ. չորրորդ եռամսյակում որոշել է հատկացնել 6.140 հազար դրամ։
Հայաստանի դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդման համար դասագրքերի մշակման նպատակով, «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը որոշվել է հատկացնել 7500,0 հազար դրամ։
Փոփոխություն և լրացումներ կատարելով ՀՀ կառավարության 2010թ. օգոստոսի 5-ի N 1055 որոշման մեջ, ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է կազմել «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշիվը, անհրաժեշտ միջոցների հատկացումը կատարել ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագծով «Տեղեկատվական-վերլուծական և հանրային իրազեկման ծառայություններ», «Երաժշտարվեստի և պարարվեստի համերգներ» և «Թանգարանային ծառայություններ և ցուցահանդեսներ» ծրագրերով նախատեսված միջոցների հաշվին։
«Արամ Խաչատրյան» համերգասրահի պարտերի հատակի վերանորոգման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 9108.4 հազար դրամ։
Երկու այլ որոշումներով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 342.11 հազար դրամ` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Պավել Լիսիցյանի հուշատախտակի պատրաստման և տեղադրման ծախսերին որպես աջակցություն` Պավել Լիսիցյանի ժառանգներին և 2277.41 հազար դրամ` ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Վլադիմիր Մսրյանի մահարձանի պատրաստման, տեղադրման և գերեզմանի բարեկարգման ծախսերին որպես աջակցություն` Վլադիմիր Մսրյանի որդուն տրամադրելու համար։
Համակարգչային ծառայությունների ապահովման նպատակով կառավարությունը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին 2010թ. 4-րդ եռամսյակում իր պահուստային ֆոնդի հաշվին որոշել է հատկացնել 2500.0 հազար դրամ։
Գործադիրը թույլատրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը դասական աճուրդով օտարել ՀՀ Արարատի մարզպետարանի տնօրինության 2 միավոր տրանսպորտային միջոցը։
ՀՀ Արագածոտնի մարզի Հացաշենի գյուղական համայնքի ղեկավար Ավետիք Դավթյանի մահվան հանգամանքով պայմանավորված` համայնքի ղեկավարի լիազորությունները կառավարությունը համարել է վաղաժամկետ դադարեցված, նշանակել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ ոստիկանությանը հատկացրել համապատասխան ֆինանսական միջոցներ։
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2.1 կետը և 34-րդ հոդվածի 3-րդ կետը, կառավարությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանի պաշտոնավարման ժամկետները երկարաձգել 4 տարի ժամկետով` մինչև 2014թ. նոյեմբերի 21-ը։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ