չորեքշաբթի, 17 սեպտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանիշնորհավորական խոսքը Ֆադեյ Սարգսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ
Հարգարժան Ֆադեյ Տաճատի
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ:
Ձեր՝ նշանավոր գիտնականի և պետական գործչի անցած բեղմնավոր ճանապարհը, փորձն ու գիտելիքները մշտապես ծառայել են Հայաստանի գիտության զարգացմանն ու մեր երկրի հզորացմանը:
Անուրանալի է Ձեր ավանդը Հայաստանի գիտական կյանքի կազմակերպման և պետական շինարարության ոլորտներում: Ավելի քան կես դար լինելով հանրապետության գիտական և հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակիցը՝ Ձեր մասնագիտական բարձր ունակությունների շնորհիվ, մշտապես կարողացել եք Հայաստանում և նրա սահմաններից դուրս բարձր պահել հայ գիտնականի և պետական գործչի անունը: Զգալի են Ձեր ծառայությունները նաև երկրի պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված գիտատեխնիկական ծրագրերի մշակման ու ներդրման գործում: Դուք այն եզակի պետական գործիչներից եք, որոնց անձնական ներդրումը երևելի է մեր երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Ավելի քան մեկ տասնամյակ լինելով ՀԽՍՀ կառավարության նախագահ՝ Դուք մեծապես նպաստել եք Հայաստանի տնտեսության մեջ նոր ճյուղերի ստեղծմանն ու զարգացմանը:
Ետևում են մնացել քրտնաջան, երբեմն՝ ծանրագույն աշխատանքի տասնյակ տարիներ, սակայն առջևում՝ հայրենական գիտության զարգացման գործում նոր մարտահրավերներ են սպասվում Ձեզ: Այսօր Ձեզ է վստահված Հայաստանի անկախ պետականության շինարարության կարևորագույն հատվածներից մեկը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը, և ես ոչ մի կասկած չունեմ, որ Ձեզ բնորոշ նախանձելի եռանդը, կենսափորձն ու իմաստնությունը մեր գիտական մտքի կաճառի տարեգրությունը կհարստացնեն ևս մեկ ոսկետառ էջով:
Սրտանց շնորհավորելով ծննդյան 80-ամյակի առթիվ, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ աշխատանքում՝ ի շահ մեր պետության և ժողովրդի: