շաբաթ, 20 նոյեմբերի 2010
Տիգրան Սարգսյանի հանդիպումները Սանկտ Պետերբուրգում շարունակվում են
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսել է Սանկտ Պետերբուրգի ֆինանսների և տնտեսության պետական համալսարան (նախկինում՝ Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտ) կատարած այցով։ Հիշեցնենք, որ հենց այս ուսումնական հաստատությունում է բարձրագույն կրթություն ստացել ու թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Տիգրան Սարգսյանը համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցևի ուղեկցությամբ շրջել է բուհի լսարաններով, ծանոթացել պայմաններին, ապա հանդիպել իրեն դասավանդած պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
Հանդիպման ավարտին վարչապետին շնորհվել է համալսարանի արծաթե հուշամեդալ, իսկ վարչապետ Սարգսյանը բուհի պրոֆեսորադասախոսական կազմին է հանձնել իր մենագրության օրինակներ, հայ մշակութային ժառանգության վերաբերյալ գրքեր։
Կառավարության ղեկավարը գրառում է կատարել նաև համալսարանի հուշամատյանում, որում, մասնավորապես, նշել է. «Մաղթում եմ, որ բոլոր ուսանողները հպարտանան համալսարանով այնպես, ինչպես ես և միշտ ձգտեն նորին, իսկ դրա համար այս համալսարանում տալիս են ամենակարևորը` մտածելու կարողությունը»։
Նշենք, որ Սանկտ Պետերբուրգի ֆինանսների և տնտեսության պետական համալսարանը համարվում է Ռուսաստանի ամենախոշոր ուսումնական հաստատություններից մեկը։
Վարչապետ Սարգսյանի հաջորդ կանգառը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանն էր, որտեղ նա մասնակցել է ականավոր հայ գիտնական, արևելագետ, ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելու կիսանդրու բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև «Էրմիտաժ» թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին, Հովսեփ Օրբելու ժառանգները, գիտնականներ և համայնքային գործիչներ։ Նշենք, որ կիսանդրու հեղինակը քանդակագործ Լևոն Բայբությանն է։ ՀՀ վարչապետի խոսքով, իր համար մեծ պատիվ է, որ Սանկտ Պետերբուրգում բացվում է հայ ազգի մեծագույն զավակներից մեկի կիսանդրին։ «Շնորհակալ եմ, որ մինչ օրս ըստ արժանվույն հիշում եք Հովսեփ Օրբելուն, ով մեծ աշխատանքներ է իրականացրել գիտության և գիտության կազմակերպման ոլորտներում»,- նշել է Տիգրան Սարգսյանը։ Ըստ նրա` 21-րդ դարում առանձնահատուկ ուշադրություն պետք է ցուցաբերել գիտության ոլորտին և գնահատել այս ասպարեզում գործող մարդկանց, քանի որ այդ դեպքում մեր երկրների զարգացումն ավելի արագ կապահովվի։
Վարչապետը ծաղկեպսակ է դրել ականավոր գիտնականի կիսանդրու առջև` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։
Այսօր երեկոյան վարչապետի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան։