հինգշաբթի, 25 նոյեմբերի 2010
Ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումները կշարունակվեն նոր թափով
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության ոստիկանության հարցերով ավագ խորհրդական Կնուտ Դրեյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը:
Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ այցը նոր ազդակ կհաղորդի ՀՀ ոստիկանության ոլորտում բարեփոխումների ուղղությամբ ԵԱՀԿ-ի հետ ծավալված արդյունավետ համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Կնուտ Դրեյերը ներկայացրել է իր հայաստանյան այցելության մանրամասները: Դրական գնահատելով ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը` նա նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ոստիկանության հանդեպ հասարակական վստահության ամրապնդմանը, ոստիկանության կրթական համակարգի արդիականացմանը և կոռուպցիայի խնդրին առնչվող հարցեր:
Ընդգծելով 2010 թ. ապրիլի 1-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված «Ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թթ. բարեփոխումների ծրագրի» կարևորությունը` կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել ոստիկանության տարածքային բաժանմունքների ֆիզիկական մաշվածության խնդրի լուծման, ճանապարհային ոստիկանության ժամանակակից սարքավորումներով տեխնիկական հագեցվածության և աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ միջոցառումների իրականացումը: Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև համակարգում երիտասարդ կադրերի ներգրավումն ու վերապատրաստումը` նպատակ ունենալով հաղթահարել խորհրդային ոստիկանական մտածելակերպը, և ոստիկանության աշխատանքների հրապարակայնության ապահովումը: