Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 նոյեմբերի 2010

Կանոնակարգվում է դեղերի արտադրության ոլորտը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Դեղերի արտադրության ոլորտը կանոնակարգելու նպատակով կառավարությունը հաստատել է դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները։ Սահմանվել է, որ արտադրական գործունեության հավաստագիրը տրվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման լիցենզիա և դեղերի պատշաճ արտադրական գործունեության վերաբերյալ հավաստագրեր տրամադրելու իրավասություն տվող միջազգային համապատասխան հավատարմագիր ունեցող կազմակերպության կողմից։ ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ներկայացնել ժամանակացույց` դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները Հայաստանի Հանրապետությունում ներդնելու և դեղերի շրջանառության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն միջազգայնորեն ընդունված եղանակներով միջազգային կառույցներում հավատարմագրելու համար։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2011թ. հունվարի 1-ից։ Դեղերի արտադրության լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են իրենց գործունեությունը սույն որոշման պահանջներին համապատասխանեցնել մինչև 2012թ. հունվարի 1-ը։
Հաստատելով ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրի իրականացման մասին համաձայնագրի օրինակելի ձևը, լրացում և փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 5-ի N 853-Ն և 2003թ. մայիսի 8-ի N 626-Ն որոշման մեջ, գործադիրը կանոնակարգել է նախարարությունների և ծրագրերի իրականացման գրասենյակների լիազորություններն ու գործառույթները, կապիտալ շինարարության ոլորտում` լիազոր մարմինների կողմից մշակված և ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ծրագրերի իրականացման գործընթացը։ Նշված ծրագրերի իրականացումը վերապահվելու է համապատասխան ԾԻԳ-երին, որոնք լիազոր մարմնի առջև պատասխանատու կլինեն մշակված ծրագրի ամբողջական և պատշաճ կատարման համար։ Այսպիսով, լիազոր մարմնի ծրագրի մշակման գործառույթը տարանջատվում է ծրագրի իրականացման գործառույթից, միաժամանակ ուժեղացվում են լիազոր մարմնի կողմից ծրագրի իրականացման նկատմամբ հսկողական լիազորությունները։ Որոշման ընդունումը բխում է պետական կառավարման համակարգի բարեփոխումների հայեցակարգից։ Ուշադրություն հրավիրելով այս խնդրի վրա` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Համաշխարհային բանկի հետ համատեղ մենք իրականացնում ենք մի նոր համալիր ծրագիր, որը վերաբերում է մեր ԾԻԳ-երին։ Համաշխարհային բանկը վերլուծություն է կատարել և ներկայացրել մեր ուշադրությանը, և այդ վերլուծության հիմնական եզրակացությունը կայանում է նրանում, որ ԾԻԳ-երն իրենց վրա վերցրել են նաև ոլորտների քաղաքականության մշակման խնդիրը, ինչն անթույլատրելի է։ Այն ծրագիրը, որ մենք հիմա համատեղ իրականացնում ենք, կայանում է նրանում, որ ԾԻԳ-երն ընդամենը գործառույթներ իրականացնող մարմին պետք է լինեն, իսկ քաղաքականության համար պատասխանատու պետք է լինի նախարարությունը։ Խնդիրն այն է, որ ԾԻԳ-երում մենք կարողանում էինք վարկային միջոցների հաշվին ապահովել բարձր վարձատրություն, և, բնականաբար, կարող ուժերը հայտնվում էին ԾԻԳ-երում, որի արդյուքում էլ փուլ առ փուլ քաղաքականության շատ տարրեր անցան ԾԻԳ-երին։ Այժմ այս ծրագիրը, որ մենք իրականացնում ենք ՀԲ-ի հետ միասին, նպատակ ունի ավելացնել կարողությունները նախարարություններում, մասնավորապես, տարեցտարի իրականացնելով աշխատակազմերի կրճատում` գումարները թողնել նախարարությունների տնօրինության տակ, և նախարարները կարող են այդ գումարներով ազատորեն վարձատրել այն մարդկանց, ում նպատակահարմար են գտնում, ում կարողություններն ավելի բարձր են գնահատում և ովքեր կատարում են ավելի ծավալուն աշխատանք։
Սրան զուգահեռաբար ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ առողջապահության և կրթության և գիտության նախարարների նախաձեռնություններն են եղել, և դրանք ողջունելի նախաձեռնություններ են, որ մենք նշանակել ենք երկու նոր փոխնախարարներ, ովքեր նախկինում եղել են ԾԻԳ-երի ղեկավարներ։ Դա Սերգեյ Խաչատրյանն է, ով ունի մեծ հեղինակություն միջազգային կառույցների շրջանակներում, քանի որ տարիներ շարունակ աշխատել է նրանց հետ, և նաև առողջապահական ոլորտի բոլոր գիտակները բարձր են գնահատում Սերգեյ Խաչատրյանի կարողությունները։ Սա նշանակում է, որ մենք կկարողանանք ԾԻԳ-երի և նախարարության ինտեգրացիան իրականացնել։ Երկրորդը Կարինե Հարությունյանն է, ով տարիներ շարունակ ղեկավարում էր ՀԲ-ի ԾԻԳ-ը կրթության ոլորտում և, ըստ էության, բարեփոխումների մեծ բեռն ընկած էր հենց այդ ԾիԳ-ի վրա։ Կարինե Հարությունյանին նշանակելով նախարարի տեղակալ` մենք կարողանալու ենք այդ ֆունկցիաները տեղափոխել նախարարություն` էապես ուժեղացնելով նախարարությունում վարչությունների դերակատարությունը քաղաքականության մշակման գործում։ Կարծում եմ, որ այս երկու նշանակումները լուրջ կարողություններ են ձևավորելու առողջապահության և կրթության ու գիտության ոլորտներում բարեփոխումներն ավելի մեծ թափով առաջ տանելու, և չափազանց կարևոր է, որ այն համահունչ է իրականացվող բարեփոխումների հետ»։


Կառավարությունը հաստատել է


- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը. այս գործակալությունը ստեղծվել է նախարարության աշխատակազմի երկրաբանական և կոնցեսիոն գործակալությունների միաձուլման և վերակազմակերպման միջոցով,
- Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգից բխող 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը,
- ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2011/2012 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը,
- «Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը,
- Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման կարգը, սահմանել, որ ՀՀ տարածքում նման տեղեկանքներ տրամադրում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացված տեղեկության հիման վրա։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» NN 1219-ն և 1489-ն որոշումների մեջ, նկատի առնելով անցած ժամանակահատվածում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հրատարակած նոր ստանդարտները, մոտեցումներն ու ցուցանիշները, որոնց կիրառումով կապահովվի ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի ճառագայթային անվտանգության մակարդակի բարձրացումը։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ եռօրյա ժամկետում քննարկել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի հետ առաջարկվող փոփոխությունների համապատասխանության հարցը։


Գույքային և հողօգտագործման խնդիրներ
 

Կառավարությունը որոշել է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքային համայնքի տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձան «Կարմրավոր» եկեղեցու սպասարկման համար անհրաժեշտ պետական սեփականություն հանդիսացող, հատուկ պահպանվող տարածքների հողերից 1019 քառակուսի մետր մակերեսով հողամասն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով փոխանցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն, «Կարմրավոր» եկեղեցու` որպես հոգևոր պաշտամունքային կառույցի, իր նշանակությամբ լիարժեք օգտագործումն ապահովելու նպատակով։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը թույլատրել է «Հանրակացարաններ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Շիրակի 2ա հանրակացարանային մասնաշենքից 34.8 քառակուսի մետր մակերեսով բնակելի տարածքը սեփականաշնորհել 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած 2 անձանց` յուրաքանչյուրին` 17.4 քառակուսի մետր։ Փոփոխություն կատարելով իր 2010թ. սեպտեմբերի 24-ի «Ռադիո» ՓԲԸ մասնավորեցման մասին N1252-ն որոշման մեջ, կառավարությունը որոշել է «Ռադիո» ՓԲԸ առանձնացված գույքն ամբողջությամբ հանձնել ոչ թե ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, այլ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին։
2 այլ որոշումներով գործադիրը թույլատրել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը դասական աճուրդով օտարել Լոռու և Սյունիքի մարզպետարանների տնօրինության մեկական տրանսպորտային միջոցները։
Համապատասխան որոշումներով կառավարությունը Լոռու մարզի Լեռնապատի, Բերդի, Նեղոցի, Սյունիքի մարզի Դարպասի, Նոր Աստղաբերդի, Գեղիի, Վայոց Ձորի մարզի Սալլիի գյուղական, Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային համայնքներին հնարավորություն է տվել հողերի կատեգորիան փոխելու միջոցով կառուցել արտադրական կամ կենցաղային նշանակության կառույցներ։
 

Այլ որոշումներ


Գործադիրը թույլատրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանն իրեն սպասարկող ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում ՀՀ 2011թ. մարդահամարի կազմակերպման գործառույթների իրականացման նպատակով բացել արտաբյուջետային հաշիվ` ԱՎԾ-ին Իտալիայի կառավարության կողմից որպես դրամաշնորհ տրամադրվող ֆինանսական միջոցների տնօրինման համար, իսկ 2011թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման շրջանակում դոնոր երկրներից և կազմակերպություններից ակնկալվող ֆինանսական միջոցների շրջանառությունն ապահովելու նպատակով բացել արտաբյուջետային հաշիվ։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզային գործակալությունների վարչական շենքերի մասնակի հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը 2010թ. չորրորդ եռամսյակում հատկացվել է 11.543.0 հազար դրամ։
ՀՀ 2010թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 38.400.000 դրամ է հատկացրել ՀՀ առողջապահության նախարարությանը` «Արմավիրի բժշկական կենտրոն» և «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների համար բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։
Հայրենական մեծ պատերազմի վետերաններին նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու համար «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից մատուցված տեղեկատվական ծառայությունների դիմաց վճարելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 3,438.0 հազար դրամ։ Մեկ այլ որոշմամբ նախարարությանը գումար է հատկացվել Խարբերդի մանկատան բարեկարգման, գույքի ձեռքբերման, Երևանի թիվ 1 գիշերօթիկ դպրոցի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար։ Գրասենյակային գույք և կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար 2500.0 հազար դրամ է հատկացվել ՀՀ Շիրակի մարզպետարանին։
ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ռաֆայել Պապայանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար ՀՀ սահմանադրական դատարանին 2010թ. չորրորդ եռամսյակում որոշվել է հատկացնել 1.600.0 հազար դրամ։
Կառավարությունը փոփոխություններ է կատարել 2003թ. հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 884-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածում, «Ծածանազգիներ» բաժնում ուժը կորցրած ճանաչել «40.Կարմրակն», «44.Հաշամ», «47.Կողակ» և «48.Բեղաձուկ» կետերը, նկատի ունենալով, որ նշված կենդանատեսակները ներառված են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում։
Մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 11-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 664-Ն որոշման հավելվածում. «Վաղարշապատի թիվ 13 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը ցանկից հանվել է լուծարման պատճառով։
ՀՀ Արմավիրի մարզի Արևադաշտի գյուղական համայնքի ղեկավար Վաչիկ Ասատրյանի մահվան հանգամանքով պայմանավորված` համայնքի ղեկավարի լիազորությունները կառավարությունը համարել է վաղաժամկետ դադարեցված, նշանակել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ ոստիկանությանը հատկացրել համապատասխան ֆինանսական միջոցներ։
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2.1 և 34-րդ հոդվածի 3-րդ կետերի համաձայն` կառավարությունը որոշել է ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել չորս տարի ժամկետով` մինչև 2014թ. նոյեմբերի 28-ը։
Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տրվել արհեստագործական ուսումնարաններում, հանրակրթական դպրոցի ավարտական դասարաններում սովորելու, օտարերկրյա բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններում ուսանելու կապակցությամբ։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ