հինգշաբթի, 1 փետրվարի 2001
Հակակոռուպցիոն ծրագրերի մշակման աշխատանքները համակարգելու նպատակով ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ ստեղծված հանձնաժողովը, որում ընդգրկված են ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ֆինանսների և էկոնոմիկայի, արդարադատության, ներքին գործերի, ազգային անվտանգության, արտաքին գործերի նախարարները և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, այսօր անցկացրեց իր առաջին նիստը:
Շուրջ երկու շաբաթ առաջ վարչապետի մոտ հանձնաժողովի անդամների հանդիպման ժամանակ այսօրվա նիստի նախապատրաստվելու համար տրված հանձնարարականները, Անդրանիկ Մարգարյանի հավաստմամբ, ժամանակին և ամբողջությամբ կատարվել են՝ հանձնարարություն ստացած բոլոր նախարարությունները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրային աշխատանքների կազմակերպման մասին իրենց առաջարկներ: Սա, ըստ վարչապետի, խոսում է հանձնաժողովի անդամների կողմից ընդհանուր գործի կարևորությունը գիտակցելու, դրան պատասխանատվությամբ վերաբերելու մասին, ինչը հույս է ներշնչում, որ նման կազմակերպվածությամբ և ակտիվ գործունեությամբ հանձնաժողովն իր առջև դրված խնդիրները կկարողանա ժամանակին լուծել:
Հանձնաժողովի անդամներն առաջին նիստում քննարկեցին այն մոտեցումները, որոնցով պետք է առաջնորդվեն հետագա աշխատանքը կազմակերպելիս: Բոլորի համար պարզ էր, որ հսկայական անելիք կա և որ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ թե մեկ որոշմամբ, ծրագրով կամ այդ մասին անվերջ ահազանգելով է լուծվում, այլ պահանջվում է համառ, հետևողական և քրտնաջան աշխատանք: Կարևորվեց օրենսդրական դաշտի մանրակրկիտ վերլուծությունը, կոռուպցիայի դեմ պայքարին միտված օրենքների մշակման ուղղությամբ սկսված աշխատանքի ակտիվացումը:
Կարևորվեցին նաև պետական կառավարման համակարգի բարեփոխումները, այդ համատեքստում պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման խնդրի դիտարկումը, նկատի առնելով, որ ներկայիս ցածր աշխատավարձը պետական ծառայողին հաճախ մղում է ապօրինությունների:
Ըստ հանձնաժողովի անդամների, լուրջ վերանայման կարիք ունեն պետական գործառույթները՝ այն հստակեցնելու, ավելի պարզեցնելու, քաղաքացիներին բյուրոկրատական քաշքշուկներից ազատելու և նաև այդպիսով կաշառակերության դեմ պայքարելու համար: Նիստում նշվեց նաև, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին շարունակ խոսվել և խոսվում է, սակայն դա շատ հաճախ արվում է պոպուլիստական նկատառումներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության, ինչն այդ աշխատանքների կազմակերպման նկատմամբ հասարակության լայն խավերի մոտ թերահավատության լուրջ հիմքեր է ստեղծում և, եթե հանձնաժողովը գործնական հարթություն չտեղափոխի իր մշակելիք ծրագրերը, հասարակական ընկալումն առաջիկայում էլ չի փոխվի:
Հակակոռուպցիոն ծրագրերի հետ կապված աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված հանձնաջողովի առաջին նիստում վարչապետի հանձնարարությամբ ստեղծվեց հանձնաժողովի աշխատանքային խումբ, որը պետք է ամփոփի այսօրվա նիստում քննարկված առաջարկները և դրանց ամփոփ տարբերակը հաջորդ նիստից երկու օր առաջ տրամադրի հանձնաժողովի անդամներին:
Որոշվեց հաջորդ նիստը հրավիրել փետրվարի 15-ին և քննարկել աշխատանքի բաժանման, կատարման ժամանակացույցի հետ կապված հարցեր: