ուրբաթ, 19 սեպտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 12-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի անկախության տարեդարձի առթիվ: 12 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին, ընտրելով անկախության ուղին, մեր ժողովուրդը համոզված էր, որ միայն ազատ ու ինքնիշխան պետականության կառուցմամբ կարելի է հասնել քաղաքակիրթ աշխարհի հետ համընթաց քայլելու, ժողովրդավարական արժեքներին հավատարիմ և արժանավայել ապրելու դարերով երազած նպատակներին: Այդ ճանապարհին մեզ բաժին հասած ծանր փորձություններն անգամ չկարողացան սասանել մեր հավատը անկախության գաղափարի նկատմամբ: Հայոց ազատատենչ ոգին, իբրև նախնյաց պատգամ, իրականություն դարձրեց մեր ժողովրդի նվիրական երազանքը: Վստահ եմ, որ այլևս ոչ մի ուժ մեզ ետ չի պահի ընտրված ուղուց և այսուհետ ևս կկարողանանք հաղթահարել բոլոր փորձություններն ու դժվարությունները: Համոզված եմ նաև, որ մենք բոլորս՝ իշխանություններն ու քաղաքական ուժերը, ամբողջ հասարակությունը, կհամախմբվենք ձեռք բերածն առավել ամրապնդելու, մեր անկախ պետականությունը հզորացնելու գաղափարի շուրջը՝ հաղթահարելով հատվածական շահերն ու ձգտումները և առաջնորդվելով համապետական, համազգային նպատակներով, կլինենք նույնքան միակամ ու միասնական, որքան 12 տարի առաջ: Այսօր բոլորս արժանին ենք հատուցում անկախության սուրբ պայքարին իրենց կյանքը նվիրաբերած հերոսների անմոռաց հիշատակին: Հավերժ փառք նրանց:
Մեր հայրենիքի ապագային, ժողովրդի բարօրությանն ուղղված նպատակների իրագործման ճանապարհին Անկախությունը այլընտրանք չունի: