չորեքշաբթի, 1 դեկտեմբերի 2010
ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական խոսքը պետական գործիչ Ջանիկ Ջանոյանի մահվան կապակցությամբ
Խոր վշտով տեղեկացա անվանի պետական գործիչ Ջանիկ Ջանոյանի մահվան մասին, ում հետ կապված էի մասնագիտական ու բարեկամական ամենաջերմ առնչություններով:
Ջանիկ Ջանոյանն այն եզակի անհատականություններից էր ում կենսագրությունը մեր երկրի ու ժողովրդի նորագույն պատմության վերջին տասնամյակների յուրատեսակ արտացոլումն էր՝ լի փորձություններով, խիզախումներով ու հաջողություններով:
Երկար տարիներ լինելով Խորհրդային Հայաստանի կառավարության առանցքային դեմքերից մեկը` նա իր ողջ կարողությունները ներդրեց հանուն նորանկախ Հայաստանի կայացման, մեր երիտասարդ պետականության ֆինանսական ու բանկային համակարգերի ստեղծման ու կայացման և տնտեսության վերականգնման շնորհակալ գործում՝ Հանրապետության առաջին ֆինանսների նախարարի, այնուհետև Զարգացման հայկական բանկի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոններում:
Համոզված եմ, անհնար է գերագնահատել ֆինանսական համակարգի բացարձակ գիտակի ավանդը Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման նախապատրաստաման գործում, որի վկայությունը մեր երկրի առաջին թղթադրամի նմուշի վրա ամրագրված ականավոր գործչի ստորագրությունն է:
Սերունդները Ջանիկ Ջանոյանին կհիշեն որպես ազնիվ, պարկեշտ, իր գործին անմնացորդ նվիրված պետական այրի՝ ում կերպարը պետք է օրինակելի լինի մեր երկրի երիտասարդ քաղաքացիների համար:
Վշտի ծանր պահին իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ջանիկ Ջանոյանի ընտանիքին ու հարազատներին:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից
Հայաստանի Հանրապետության կառավարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. դեկտեմբերի 1-ին կյանքի 83-րդ տարում երկարատև և ծանր հիվանդությունից հետո վախճանվել է պետական ականավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների առաջին նախարար ՋԱՆԻԿ ԱՐՏԱՇԵՍԻ ՋԱՆՈՅԱՆԸ, և ցավակցում հանգուցյալի ընտանիքին ու մերձավորներին:
Ջանիկ Ջանոյանի թաղումը կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի գլխավորությամբ: