չորեքշաբթի, 8 դեկտեմբերի 2010
Քննարկվել են Անկախության 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման մշտական հիմունքներով գործող պետական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվելիք հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից իրականացվելիք տոնական միջոցառումների ցանկը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մշակույթի նախարարությանը ձևավորել մրցութային հանձնաժողով` Անկախության 20-ամյակի խորհրդանիշի ընտրության մրցույթ անցկացնելու համար:
Ամփոփելով քննարկման ժամանակ հնչեցված գաղափարները և առաջարկությունները` Տիգրան Սարգսյանը հանձնարարել է դրանք սեղմ ժամկետում գրավոր ներկայացնել հանձնաժողովի քարտուղարություն: