երկուշաբթի, 22 սեպտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի խոսքը
Հայաստան-Սփյուռք առաջին տնտեսական
համաժողովի մասնակիցներին
Սիրելի հայրենակիցներ,
հարգելի տիկնայք և պարոնայք
ՀՀ կառավարության և իմ անունից, ողջունում եմ Հայաստան-Սփյուռք առաջին տնտեսական համաժողովի մասնակիցներին և հրավիրյալներին, ցանկանում՝ արգասաբեր աշխատանք:
Համաժողովի հիմնական նպատակն է Հայաստանի և Սփյուռքի գործարար շրջանակների միջև տնտեսական հարաբերությունների խորացումը և գործարար կապերի ընդլայնումը: Հաշվի առնելով համաժողովի տնտեսական ուղղվածությունը՝ կցանկանայի համառոտ ներկայացնել Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը.
Հայաստանի Հանրապետությունում իրականացված համակարգային տնտեսական բարեփոխումներն արդեն սկսել են տալ իրենց տեսանելի դրական արդյունքները: Երկրում վերջին տարիների մակրոտնտեսական իրավիճակը գնահատվում է որպես կայուն և կանխատեսելի: 2002 թվականի արդյունքներով ապահովվել է ՀՆԱ-ի 12.9% աճ, արդյունաբերության (առանց էներգետիկայի) 24.2% աճ, արտահանման ծավալների 48.4% աճ, օտարերկրյա ներդրումների ծավալների 77.5% աճ, այդ թվում՝ ուղղակի ներդրումների ծավալների 85.8% աճ: Ընդ որում, տնտեսության աճն ապահովվել է ցածր սղաճի ֆոնի վրա:
Այս ցուցանիշները կարևորվում են հատկապես իրենց կայուն և դինամիկ բնույթով: ՀՀ տնտեսությունը մտել է կայուն տնտեսական աճի փուլ, իսկ ներկայիս տեմպերը պահպանելու դեպքում՝ այն մոտ ապագայում կվերաճի կայուն տնտեսական զարգացման փուլի: Կասկածից վեր է, որ ՀՀ կառավարությունն այդ նպատակին հասնելու համար կանի ամեն հնարավորը: Դրան է ուղղված նաև ՀՀ կառավարության կողմից վերջերս ընդունված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, նախատեսվող հակակոռուպցիոն ծրագիրը, որոնք մեզ հնարավորություն են տալու միջնաժամկետ և երկարաժամկետ շրջանում ստեղծել այն բոլոր բարենպաստ պայմանները, որոնք կապահովեն ոչ միայն ներքին, այլև արտաքին ներդրումների ծավալների աճը, տնտեսության զարգացումը: Կառավարությունը ունի որոշակի քաղաքականություն մոտակա 4 տարիների համար (մինչև 2008թ.) և մինչև 2015թ. հաստատված ծրագիր: Դրանցում արդեն շեշտված են այն հիմնական ուղղությունները, որոնց վրա կառավարությունն իր ուշադրությունը պետք է կենտրոնացնի, և մեր ամբողջ տնտեսական զարգացումը, մեր բոլոր ծրագրերը ուղղված են լինելու այդ խնդիրների լուծմանը: Միաժամանակ, բարեփոխումներ ասելով մենք հասկանում ենք ոչ միայն օրենսդրական դաշտում կատարվող փոփոխությունները, որի հիմնական ուղղությունը հարկային և մաքսային բեռի թեթևացումն է, կայուն իրավիճակ ստեղծելը, բոլորի համար հավասար պայմանների ապահովումը, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված քայլերը, այլ նաև այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ կբացառվի պետական բյուրոկրատիայի միջամտությունը, կոռուպցիոն երևույթների ի հայտ գալը: Բոլորը պետք է օրենքի առջև հավասար լինեն՝ անկախ իրենց դիրքից, քաղաքացիությունից, կարողությունից: Այսինքն, մենք ունենք համալիր մոտեցումներ ոչ միայն օպերատիվ՝ 1-2 տարիների, այլ մոտակա 8-10 տարիների համար: Եվ այս գործընթացում մենք ակնկալում ենք մեր սփյուռքահայ գործարարների ակտիվ մասնակցությունը: Այս խնդիրը, որ մենք դնում ենք մեր առջև, դա ոչ միայն ՀՀ քաղաքացիների խնդիրն է, այլ ամբողջ հայության, որովհետև Հայաստանն իր առջև խնդիր է դրել, և ըստ իս, նաև ամբողջ հայությունը պետք է դնի՝ ստեղծել այնպիսի հզոր պետություն, որը կարողանա ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ստեղծել պայմաններ մեր քաղաքացիների ապահով և բարեկեցիկ կյանքի համար, կարողանա ապահովել մեր ազգային իղձերի իրականացումը, ցեղասպանության ճանաչումը: Անկախ կուսակցականությունից, անկախ նրանից, թե որ երկրում է ապրում հայը, նա պետք է մեկ նպատակ ունենա՝ Հայաստանի Հանրապետության հզորացումը: Մնացած բոլոր ուղղությունները միտված պետք է լինեն այս գերակա նպատակին հասնելուն:
Մենք 12 տարվա պետություն ունենք, և ես հույս ունեմ, որ սեպտեմբերի 21-ը մեր՝ հայության համար, լինելու է անկախության վերջին տոնը, որը մշտապես տոնելու ենք: Մայիսի 28, նոյեմբերի 29 ունեցել ենք, բայց սեպտեմբերի 21-ը հարատև է լինելու: Այդ հարատևությունը պահպանելու համար անհրաժեշտ է բոլորիս ջանքերի համախմբումը և միացումը:
ՀՀ նախագահը, կառավարությունը, քաղաքական ուժերը լի են վճռականությամբ՝ պահպանելու այս ուղղությունը, Հայաստանը դարձնելու տարածաշրջանի հզոր պետություններից մեկը, որը ոչ միայն մեր անվտանգությունը կապահովի, այլ նաև կկարողանա մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովել: Վերջնական նպատակը հզոր Հայաստանի ստեղծումն է՝ անկախ տարածքից: Դա շարունակական է լինելու, և որքան մենք կարողանանք մեր ջանքերը համախմբել, Հայաստանի իշխանություններին քաղաքական և տնտեսական աջակցություն ցուցաբերել, այնքան այդ նպատակներին շուտ կհասնենք:
ՀՀ կառավարությունը անում է հնարավորը Հայաստանում ներդրումային և գործարար միջավայրը բիզնեսի համար բարենպաստ ու գրավիչ դարձնելու համար: Կարծում եմ, որ Հայաստանի տնտեսությունում ամենաակտիվ օտարերկրյա ներդրողները պետք է և կարող են լինել մեր սփյուռքահայ գործարարները: Ինչպես ՀՀ նախագահը նշեց, անցել են այն ժամանակները, երբ Հայաստանում առավելապես մարդասիրական, բարեգործական ծրագրեր էին իրականացվում: Մենք այսօր միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների հետ պայմանավորվածություններ ունենք և ասել ենք, որ բավական է մեզ օգնություն ցուցաբերեք, մենք ցանկանում ենք գործընկերներ լինել, միասին աշխատել: Մենք ծրագրեր ունենք և ծրագրերի իրագործման ուղղությամբ պետք է գնանք: Մեր հիմնական ծրագրերն են՝ Հայաստանի և Արցախի տնտեսության զարգացումը, սահմանամերձ շրջանների զարգացումը, աղետի գոտու և պատերազմի հետևանքների վերացումը, վերջապես աշխատատեղերի ստեղծումը, Հայաստանից արտագաղթածների վերադարձի համար բարենպաստ պայմանների ստեղծումը և, բնականաբար, այն միտումը, որ Հայաստանում նկատվում է, երբ մեր սփյուռքահայերը հայրենիքում ձեռք են բերում անշարժ գույք, հիմնում են իրենց բիզնեսը, այդ գործընթացների արագացում:
Դուք ունեք տասնամյակների ընթացքում ձևավորված բիզնես ավանդույթներ և ձեր համագործակցությունը հայաստանյան գործարարների հետ շատ օգտակար կլինի Հայաստանում ժամանակակից բիզնես ավանդույթներ ու փորձ սերմանելու առումով: Հավատացած եմ, որ համաժողովը նոր խթան կհանդիսանա ձեր տնտեսական ներուժը և գործարար կապերը առավելագույնս օգտագործելու՝ ի նպաստ մեր բոլորիս Հայրենիքի հզորացման, և ինչու ոչ, նաև ձեր բիզնեսի բարգավաճման:
Համաժողովի ընթացքում դուք կհամոզվեք, որ Հայաստանի տնտեսությունը բազմաճյուղ է և ձեզնից յուրաքանչյուրը կարող է Հայաստանում գտնել փախշահավետ համագործակցության եզրեր իր գործունեության ոլորտում, իսկ նրանք ովքեր արդեն ունեն իրենց բիզնեսը Հայրենիքում՝ հուսով եմ կբռնեն այն ընդլայնելու երբեմն դժվար, բայց հայրենահաճո ճանապարհը:
Հայաստան-Սփյուռք առաջին տնտեսական համաժողովը հնարավորություն է ընձեռել բոլորիս՝ էլ ավելի ուղղորդված և նպատակային դարձնել Հայրենիքի տնտեսական զորացմանն ուղղված մեր միասնական ջանքերը: Հայաստանի կառավարությունը պատրաստ է համաժողովի ընթացքում հնչած առաջարկները, բարձրացված խնդիրները համաժողովի ավարտից հետո քննարկել, պատասխանել շահագրգիռ բոլոր կողմերին հետաքրքրող հարցերին և համագործակցել մեր առջև դրված խնդիրների լուծման համար:
Սիրելի հայրենակիցներ, տիկնայք և պարոնայք,
ավարտելով իմ խոսքը, համաժողովին մաղթում եմ բարեհաջող աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի:
Շնորհակալություն: