հինգշաբթի, 9 դեկտեմբերի 2010
Վահրամ Ներսիսյանցը նշանակվել է Համահայկական բանկի գործադիր տնօրեն
Այսօր կառավարությունում ստորագրվել է աշխատանքային պայմանագիր` Վահրամ Ներսիսյանցին «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ:
Աշխատանքային պայմանագիրն ստորագրել են ՀՀ վարչապետ, «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը:
Պայմանագրի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսում Վահրամ Ներսիսյանցը պարզաբանումներ է տվել Համահայկական բանկի գործունեության և նպատակների վերաբերյալ: Նա նշել է, որ Համահայկական բանկն առևտրային բանկ չէ և նախատեսում է երկարաժամկետ ներդրումներ արտահանումը և ներկրումը խթանող կազմակերպություններում, որոնք ապահովելու են մրցունակություն համաշխարհային շուկայում: Ներսիսյանցի խոսքով, բանկի հետագա ծրագրերում նախատեսվում է վարկերի և ներդրումների ձևով կիրառել այն նաև Սփյուռքում: Վահրամ Ներսիսյանցը նշել է, որ «Համահայկական բանկի կանոնադրական կապիտալը 100 մլն դոլար է, որից 20 մլն տրամադրվել է պետության կողմից, իսկ մնացածը մենք կլրացնենք միջազգային ֆինանսական կազմակերպություններից կամ այլ մասնավոր աղբյուրներից»: Բանկի գործունեության առաջնահերթություններից կլինեն տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկական, կրթական և տուրիստական ոլորտները: