հինգշաբթի, 25 սեպտեմբերի 2003
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը, իր պահուստային ֆոնդի հաշվին, 3 մլն դրամ է հատկացրել ՀՀ Արմավիրի մարզպետարանին՝ Արցախյան ազատամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշակոթողի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով: Արմավիր քաղաքում գտնվող այդ հուշակոթողը նախատեսվում է ավարտել ս.թ. նոյեմբերին:
Եվս 3 մլն դրամ դոտացիա է հատկացվել Տավուշի մարզի Աչաջուր համայնքին՝ գյուղի մարզահամալիրի վերանորոգման համար, նկատի առնելով սահմանամերձ բնակավայրերում երիտասարդության ակտիվ հանգստի և առողջ ապրելակերպի համար բավարար պայմաններ ապահովելու խնդիրը, ինչպես նաև ըստ նախասիրությունների նրանց մարզական խմբակերում ընդգրկելու և զանգվածային միջոցառումների անցկացման համար բարվոք նյութատեխնիկական բազայի ստեղծման անհրաժեշտությունը: Կառավարության մեկ այլ որոշմամբ, 2 մլն 855 հազար դրամ հատկացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ այս տարվա հոկտեմբերի 3-8-ը Շվեդիայում կայանալիք 8-րդ միջազգային աստղագիտական օլիմպիադային Հայաստանի Հանրապետության դպրոցականների հավաքականի մասնակցությունն ապահովելու համար: Այսօրվա նիստում, ՀՀ 2003 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից միջոցներ են հատկացվել «Լավագույն ուսուցիչ», նաև այս տարի առաջին անգամ անցկացված նախադպրոցական հաստատությունների «Լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողներին մեկական «ՎԱԶ-2106» ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով:
Հանրապետության հանրակրթական դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերը մանկավարժական կադրերով ապահովելու նպատակով, կառավարությունը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ 10-օրյա ժամկետում մշակել և սահմանված կարգով գրանցել «ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի հանրակրթական դպրոցներ մանկավարժական կադրեր գործուղելու» կարգը: Նշված բնակավայրեր գործողվող մանկավարժների համար սահմանվել են մի շարք արտոնություններ: Մասնավորապես, ֆինանսական փոխհատուցումներ են նախատեսվել ճանապարհածախսի (տարեկան մինչև 4 անգամ); բնակարանի վարձի (ամսական 10000 դրամ); գույքի տեղափոխման INSERT INTO `news` VALUES (15000 դրամ); կեցության այլ ծախսերի (ամսական 5000 դրամ) համար:
Մեկ այլ որոշմամբ, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2002 թ. դեկտեմբերի 5-ի՝ ՀՀ հանրակրթական համակարգի ռացիոնալացմանը վերաբերող որոշման մեջ, ըստ որի, հանրապետության տարբեր մարզերի որոշ դպրոցների՝ մասնավորապես, Սևանի թիվ 8, Երանոսի թիվ 2, Տեղ գյուղի N1, Վանաձորի թիվ 23 միջնակարգ դպրոցներին թույլատրվել է իրականացնել միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրեր: Որոշմամբ «Վանաձորի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, առանձնացման ձևով, վերակազմակերպվել է «Վանաձորի թիվ 3 միջնակարգ դպրոց» և «Վանաձորի թիվ 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների:
ՀՀ կառավարության 2002 թ. դեկտեմբերի 5-ի՝ «Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի մասին» որոշման պահանջների կատարման նպատակով, կառավարությունը իր պահուստային ֆոնդից Երևանի քաղաքապետարանին հատկացրել է 638 մլն դրամ: Նշված որոշման համաձայն, այդ գումարը գոյացել էր Բնապահպանության նախարարության՝ Երևանի Մոսկովյան 35, Սոցիալական ապահովության նախարարության՝ Երևանի Տերյան 59 և Երևանի պատմության թանգարանի՝ Մաշտոցի 33ա հասցեներում գտնվող շենքերի օտարումից:
Նիստում կառավարության անդամները հաստատել են նաև 2004 թ. Աթենքում կայանալիք 28-րդ օլիմպիական խաղերին նախապատրաստվող ՀՀ հավաքական թիմերի աշխատանքները համակարգող կազմկոմիտեի կազմը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում որոշում է ընդունվել Վանաձոր քաղաքում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնաճյուղ ստեղծելու վերաբերյալ: Որոշմամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին հատկացվել է 2003-2004 ուսումնական տարվա ընդունելության անվճար ուսուցման երկուական և վճարովի ուսուցման երեքական տեղ՝ դրամատիկական թատրոնի դերասանի և ռեժիսորի մասնագիտությունների գծով, ՀՀ պետական բուհերի ընդունելության պահուստային տեղերի հաշվին:
Մեկ այլ որոշմամբ, ակցիզային դրոշմանիշերի տպագրության, համապատասխան պետական պատվերի տեղադրման և դրոշմանիշերի իրացման գործընթացի բարելավման նպատակով, գործադիրը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքը «2004» թվագրումով ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորելու համար անհրաժեշտ ակցիզային դրոշմանիշերի ամբողջ խմբաքանակի գնման պայմանագիրը (համաձայնագիրը) պետք է կնքվի 2003թ. ընթացքում: Որոշման համաձայն, կնքվող պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի շրջանակներում 2003 թ. ընթացքում վճարումները պետք է իրականացվեն ՀՀ կառավարության 2003 թ. օգոստոսի 8-ի «ՀՀ 2003թ. պետական բյուջեից գումար հատկացնելոււ մասին» որոշմամբ հատկացված 125 մլն դրամի հաշվին, իսկ նախատեսվելիք գումարի մնացած մասը՝ 2004թ. պետական բյուջեի միջոցներից:
Գործադիրը հավանություն է տվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է 2001 թ. ապրիլի 16-ին ընդունված «Ոստիկանության մասին» և 2002 թ. հուլիսի 30-ին ընդունված «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքների միջև առկա հակասությունների վերացման անհրաժեշտությամբ: Հակասությունները վերաբերում են, մասնավորապես, ոստիկանության իրավական վիճակին, պատասխանատվության, խնդիրների և գործառույթների հարցերին, որոնք կարող էին ոչ միատեսակ ընկալման և սխալ կիրառման պատճառ հանդիսանալ:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է «Հատուկ պոլիկլինիկա» և «Սպորտային բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել՝ «Սպորտային կենտրոն » ՓԲԸ-ն «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ին միացնելու ձևով: Մեկ այլ որոշմամբ, «Երևան-Թեսթ» և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ները ևս վերակազմակերպվել են միաձուլման ձևով՝ ստեղծելով «Ստանդարտների և որակի ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը հանձնարարել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ ապահովել պետության մասնակցությունը Վանաձորի «Էլեկտրոն» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության վերակազմավորման մասին որոշման ընդունմանը:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների բժշկական սպասարկման պայմանների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: