Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 դեկտեմբերի 2010

Նվազագույնի է հասցվում տրանսպորտի հաշվառման ծախսը




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։


Ստեղծվում են բարենպաստ պայմաններ


ՀՀ կառավարությունը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, ինչը պայմանավորված է տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու ծախսերը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, վերը նշված գործողությունները այլևս չեն համարվի հաշվառման գործողություններ և դրանց համար չի պահանջվի վճարել օրենքով սահմանված 5000 դրամ վճարը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է այս որոշման կարևորությունը հատկապես գյուղատնտեսության ոլորտում զբաղված բնակիչների համար։ Կառավարության խնդիրն է նրանց ուսերին չդնել լրացուցիչ ֆինանսական բեռ։ Այսպիսով, բարենպաստ պայմաններ են ստեղծվում հազարավոր մարդկանց համար։
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ նախարարությունների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի, աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու, հաստատված մրցույթի մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ընդգրկելու կարգերը, որոնցով կանոնակարգվում են հիշյալ գործընթացները։ Որոշման ընդունումը բխում է պետական կառավարման համակարգի բարեփոխման հայեցակարգից։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությանը, հաստատել դրա գործողությունների ծրագիրը, ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարներին հանձնարարել մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարություն ներկայացնել ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը։
Գործադիրը հաստատել է մարդուն հրատապ օգնության համապետական համակարգի ստեղծման հայեցակարգը։
Իր նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը։ Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի կառավարման և մի շարք այլ լիազորություններ վերապահել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` ակնկալելով, որ այդ համակարգում գործող «Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ը թանգարանի հետ համագործակցելով կարող է ստեղծել ուսանողության հայեցի դաստիարակության կենտրոն։
Գործադիրը գնումների ոլորտին վերաբերող իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է մի կողմից պարզեցնել տնտեսավարող սուբյեկտների նպատակային և պարբերական մրցույթներին մասնակցելու պայմանները, մյուս կողմից հստակեցնել պատվիրատուների իրավունքներն ու պարտականությունները։
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչներին և կարգին վերաբերող կառավարության նախկին որոշման մեջ, ինչի շնորհիվ ակնկալվում է կատարելագործել այն և մարզպետների աշխատանքը գնահատել առավել չափելի ենթաչափորոշիչների հիման վրա։


Պաշտպանվում են սպառողի շահերը


Կառավարության հավանությունն է ստացել «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանի տարածք ժամկետանց սննդամթերք և սննդային հավելումներ ներմուծելու և շուկայում դրանց սպառման հնարավորությունը բացառելու անհրաժեշտությամբ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով մոտ ապագայում Հայաստանում չի լինելու մի ապրանք, որը հաշվառումից դուրս է, այսինքն` չունի շտրիխ-կոդ։ Այս նախագիծը, ինչպես նաև կառավարության մի շարք ուրիշ օրենսդրական նախաձեռնություններն ուղղված են սպառողի շահերի պաշտպանությանը։ Գործադիրը լրացուցիչ հիմնավորման կարիք ունենալու պատճառաբանությամբ հավանություն չի տվել նույն օրենքում լրացում կատարելու միջոցով սննդամթերքի ապրանքային նշանի պարտադրում ենթադրող ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթին։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որտեղ հստակեցվում են զինված ուժերում ներքին ծառայության կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարաբերությունները։ Միաժամանակ առաջարկվում է օրենքը լրացնել նոր գլխով, որում կանոնակարգվում են զինվորական ծառայության անվտանգության ապահովման պահանջները։
Կառավարությունը հավանություն է տվել «Փախստականների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով փախստականին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու լիազորությունը վերապահվում է ՀՀ ոստիկանությանը, հստակեցվում են մի շարք այլ դրույթներ։
Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
 

Երկարաձգվել են արտոնության ժամկետները


ՀՀ կառավարությունը թույլատրել է ՀՀ կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ միջև 2006թ. ստորագրված համաձայնագրով իրականացվող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման ծրագրի կատարման նպատակով «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծման ժամկետը երկարաձգել մինչև 2011թ. հունվարի 20-ը։ Դա անհրաժեշտ է ս.թ. դեկտեմբեր ամսին նախատեսված շինմոնտաժային աշխատանքն ավարտին հասցնելու համար։ Ավելի վաղ Հայաստան են ներմուծվել գազային տուրբինի սարքավորումների անվտանգ տեղափոխման և տեղադրման մետաղական կառուցվածքների պարագաների լրակազմերը։ Մեկ այլ որոշմամբ մինչև 2011թ. հուլիսի 11-ը երկարաձգվել է «Ոսկեվազի գինու գործարան» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Վրաստանից գինենյութի ներմուծման ժամկետը, քանի որ մանրէակենսաբանական փոփոխության ենթարկված այդ հումքի որակը վերականգնելու համար պահանջվում է լրացուցիչ ժամանակ։ Որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի պահպանել ընկերությունում ստեղծված աշխատատեղերը և կատարել ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները։ Հաջորդ որոշմամբ գործադիրը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը։ Որոշմամբ սահմանվել է, որ ներդրումների ընդհանուր գումարը նախատեսված ավելի քան 874 մլն դրամի փոխարեն կգերազանցի 2 մլրդ դրամը, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կմոտենա 360-ին։ Օգտվելով սույն արտոնությունից, ընկերությունը կշարունակի նախատեսված աշխատանքը, ձեռք կբերի ձվատու հավերի պահպանման նոր սարքավորումներ։
Գործադիրը, փոփոխություններ կատարելով 2010թ. պետբյուջեում և ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, լրացրել է «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրով նախատեսված ՀՀ կառավարության համաֆինանսավորման պակասորդը։
Վերաբաշխում կատարելով 2010թ. պետբյուջեում և փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կառավարությունը ստերեոբազմագործառնական մանրադիտակի լրակազմ ձեռք բերելու նպատակով «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է 7000.0 հազար դրամ։ Նույն որոշմամբ գործադիրը Հայաստանում բարձրորակ տնկանյութերի աճեցմանն ու կանաչ գոտիների վերականգնմանն աջակցելու նպատակով «Կանաչազարդ երկիր» ՀԿ-ին որպես նվիրատվություն տրամադրելու համար 2000.0 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։
Պատանեկան սպորտում առկա մի շարք հիմնահարցերի լուծման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում և պետական աջակցություն ապահովել պատանի մարզիկներին, որպեսզի նրանք մեծ սպորտն ընտրեն որպես մասնագիտություն, հետևողականորեն զբաղվեն ընտրած մարզաձևով և միջազգային մրցասպարեզում ըստ արժանվույն ներկայացնեն Հայաստանը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի գործունեությանը նպաստելու համար կառավարությունը որոշել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» կառավարչական հիմնարկի կողմից ձեռք բերվելիք գույքից ութ համակարգիչ և ութ տպիչ նվիրաբերել ԼՂՀ-ին։ Մեկ այլ որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով «Բյուրակն» գիտակրթական հիմնադրամին է հանձնվել ՀՀ պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի «Լ. Արիսյանի անվան N 127 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված երկհարկանի երկու մասնաշենքերը և դրանց զբաղեցրած հողատարածքը, ինչպես նաև հարակից երկհարկանի երկու մասնաշենքերի 2-րդ հարկերի տարածքը։ «Բյուրակն» հիմնադրամն իրականացնում է մանկավարժական նորարարական գործունեություն, հանրակրթության ոլորտ ներդնում արդի մանկավարժության նորագույն նվաճումները։
ՀՀ կառավարությունն ընդունել է «Արարատի քաղաքային կինոցանց» պետական ձեռնարկության լուծարման գործընթացը կանոնակարգելու և լուծարումից հետո մնացած գույքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրաբերելու որոշում։ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը համաձայնել է մարել նշված ձեռնարկության 2177,4 հազար դրամ պարտավորությունը, որից հետո Արարատ քաղաքում կկառուցվեն նոր եկեղեցի, երիցատուն, որպես հոգևոր մշակույթի և հայ երիտասարդաց միության կրթադաստիարակչական կենտրոն կվերակառուցվի «Ավարայր» կինոթատրոնի շենքը, կբարեկարգվի և կկանաչապատվի տարածքը։


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը որոշել է համաձայնություն տալ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Դրա արդյունքում հնարավոր կլինի ստեղծել կազմակերպության կողմից մեր երկրում իրականացվող նախագծերի իրավական հիմքեր, նպաստել տարաբնույթ համատեղ ծրագրերի կատարմանը։
Գործադիրը լրացրել և փոփոխել է օտարերկրյա պետությունների բուհեր ընդունված ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը։ Մասնավորապես, այսուհետև ավելի հստակ ու համակարգված կկազմակերպվի տեղեկատվության փոխանակումը և շահագրգիռ գերատեսչությունների համագործակցությունը։ Կարգ է ներառվել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչի վերաբերյալ դրույթը։
Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել երեք անձի։
Որոշմամբ հաստատվել է Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող վարելահողի մի մասը փոխադրվել այլ կատեգորիա` բնակելի կառուցապատման համար։
Կառավարության որոշումներով երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման արտոնագիր է տրվել Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին և «Հույս և կյանք» ՍՊԸ-ին։
Հիմք ընդունելով «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքները` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ գործադիրը որոշել է 2011թ. ապրիլի 25-ի, օգոստոսի 1-ի, օգոստոսի 15-ի և սեպտեմբերի 12-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2011թ. ապրիլի 30-ի, օգոստոսի 6-ի, օգոստոսի 20-ի և սեպտեմբերի 17-ի շաբաթ օրերը։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ