չորեքշաբթի, 1 հոկտեմբերի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է հավատարմագրված ոչ պետական բուհերի ռեկտորներին, որոնք կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց մի շարք մտահոգությունները բարձրագույն կրթության ոչ պետական համակարգի ներկայիս դժվարությունների, չկարգավորված առանձին խնդիրների հետ կապված, որոնց լուծումը, ըստ նրանց, կապահովի համակարգի հետագա բնականոն զարգացումը: Ռեկտորներն անդրադարձել են նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի որոշ դրույթների, որոնք ևս նրանց մտահոգում են: Ընդգծելով, որ հավատարմագրված ոչ պետական բուհերը, հաղթահարելով բավականին դժվարություններ, անցնում են հաջորդ՝ զարգացման փուլ, հիշյալ բուհերի ներկայացուցիչները իրենց հաջողությունները մեծապես պայմանավորել են նաև ոչ պետական բուհերի նկատմամբ վերջին երեք տարիներին ՀՀ կառավարության և նրա ղեկավարի մշտական ուշադրությամբ, աջակցությամբ և որդեգրած ճիշտ քաղաքականությամբ: Նրանք շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ իրենց հետ հանդիպելու և մտահոգությունները լսելու պատրաստակամության համար, դա համարելով անցած տարիների վերաբերմունքի շարունակություն:
Գործնական և արդյունավետ համագործակցության նպատակով, ՀՀ վարչապետն առաջարկել է ներկայացված խնդիրներից բացի, որոնց հիմնականում կառավարությունը տեղյակ է, ներկայացնել սեփական առաջարկները, լուծման ուղիները, այդ թվում՝ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագծի դրույթների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ պատրաստակամ է դրանք ստանալուց հետո՝ քննարկել և ընթացք տալ ընդունելի առաջարկներին: