երկուշաբթի, 20 դեկտեմբերի 2010
Մասնագիտական տոնի առթիվ ԱԱԾ աշխատակիցներն արժանացել են պետական բարձր պարգևների
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Ողջունելով և շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Հանրապետության նախագահն իր ուղերձում հստակ ձևակերպել է այն խնդիրները, որոնք այսօր դրվում են ձեր առջև: Գաղտնիք չէ, որ Ազգային անվտանգության ծառայության առջև ծառացած խնդիրները ժամանակակից աշխարհում արագ փոփոխվում են, ի հայտ են գալիս նոր վտանգներ, նոր մարտահրավերներ, նոր ռիսկեր: Մենք միասին պարտավոր ենք ժամանակին բացահայտել այդ ռիսկերը, հստակ ձևակերպել` որ ասպարեզներում, որ ոլորտներում են դրանք դրսևորվելու և ունենալ միջոցներ ու հնարավորություններ` կանխարգելելու այդ վտանգները: Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունն է ապահովել Ազգային անվտանգության ծառայությանը համապատասխան ժամանակակից միջոցներով: Սահմանի պաշտպանությունից մինչև կիբեռանվտանգության խնդիրների լուծումը բավական խորը և բովանդակային խնդիրներ է իր մեջ պարունակում և պահանջում է ձեզանից ամեն օր կատարելագործել ձեր մասնագիտական հմտությունները: Մենք համոզված ենք, որ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ունի այդ կարողությունները` դիմագրավելու բոլոր մարտահրավերներին և վտանգներին»:
Վարչապետը ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ, գնդապետ Ռուբեն Ափոյանին և ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Տիգրան Բարսեղյանին է հանձնել ս.թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրերով նրանց շնորհված գեներալ-մայորի ուսադիրները։
Կառավարության ղեկավարը նաև հանձնել է ՀՀ Նախագահի հրամանագրով ԱԱԾ մի շարք աշխատակիցներին ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար շնորհված Մարտական ծառայության մեդալները, ինչպես նաև պարգևատրել ՀՀ վարչապետի որոշմամբ շնորհված ՀՀ վարչապետի հուշամեդալներով և շնորհակալագրերով: