չորեքշաբթի, 29 դեկտեմբերի 2010
Վարչապետը պարգևատրել է լավագույն ստեղծագործությունների հեղինակներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո կազմակերպված մեկ աշխատանքի ցուցահանդես-մրցույթում հաղթողներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Աշխարհի հայ նկարիչների միավորման համանախագահներ Ղազար Միրզոյանը և Անահիտ Մխիթարյանը:
Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել արվեստագետներին ընթացիկ տարում ծավալած ազգանվեր գործունեության համար և մաղթել նորանոր հաջողություններ 2011 թվականի ընթացքում:
Աշխարհի հայ նկարիչների միավորման համանախագահ Ղազար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին տոնակատարությունների անցկացման գործում ցուցաբերած աջակցության համար և անդրադարձել 2011 թ. կազմակերպվելիք միջոցառումներին ու ցուցահանդեսներին:
Հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակները վարչապետ Սարգսյանի կողմից պարգևատրվել են Վարդգես Սուրենյանցի անվան մեդալներով և վկայագրերով: Ցուցահանդեսում լավագույնն են ճանաչվել գրաֆիկայի ճյուղում` Անահիտ Զարդարյանի «Մանեկեններ», դեկորատիվ արվեստի ճյուղում` Շահեն Ասլանյանի «Վերածնունդ», գեղանկարչության ճյուղում` Սրապիոն Դանիելյանի «Մոշ վաճառող ծերունին» և քանդակի ճյուղում` Հարություն Կարապետյանի «Առյուծ Մհերը» ստեղծագործությունները: Ի դեպ, Վարդգես Սուրենյանցի անվան մեդալները` պատրաստված Աշխարհի հայ նկարիչների միավորման կողմից, հանձնվում էին առաջին անգամ:
Շնորհակալություն հայտնելով կառավարության ղեկավարին ցուցաբերվող ուշադրության և աջակցության համար` արվեստագետները խոսել են իրենց տպավորությունների և առաջիկա ծրագրերի մասին:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը բարձր է գնահատել Աշխարհի հայ նկարիչների միավորման դերակատարությունը միջոցառումների կազմակերպման հարցում: