Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 հունվարի 2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության 2011թ. առաջին նիստում և 2011թ.կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի մասին դիտարկումները

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,
Ցանկանում եմ մեր նիստն սկսել ՀՀ նախագահի ուղերձից մեկ մեջբերումով։ Հանրապետության նախագահը, Նոր տարվա առիթով շնորհավորելով գործարարներին, անդրադարձել է 2011թ. կարևորագույն խնդիրներին։ Առաջին կարևոր միտքը, որ նշված է հանրապետության նախագահի ուղերձում, այն է, որ 2011թ. հետճգնաժամային աշխարհն այլևս չի վերադառնալու իր հին տնտեսական մոդելին։ Սակայն նոր տնտեսական մոդելը դեռևս հստակ ձևակերպված չէ, ինչը, բնականաբար, լուրջ մարտահրավերներ է ստեղծում։
Երկրորդ կարևոր խնդիրը, որ դրվում է նաև կառավարության առջև, մեջբերում եմ. «Բոլորս քաջ գիտակցում ենք, որ գալիք տարին լինելու է համառ աշխատանքի տարի։ Այն պետք է լինի լիարժեք վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացման միտումների խորացման, նոր իրողությունների պայմաններում նոր ու ստեղծագործ քայլերի տարի»։ Կարծում եմ, որ սա ամբողջությամբ վերաբերում է կառավարության 2011թ. աշխատաոճին և մեր անելիքներին։ Կարևորագույն հարցերից մեկը, որ այսօր մենք քննարկելու ենք, 2011թ. գերակայություններն են, այն խնդիրները, որոնք գտնվելու են նախարարների անմիջական հսկողության տակ և նախարարությունների կողմից իրականացվող միջոցառումների ծրագիրը։ Սա` առաջին։
Երկրորդ` մենք 2011թ. մտել ենք որոշակի պաշարներով. ֆինանսների նախարարության հետ մենք 2010թ. բյուջեի կատարողականի նախնական ամփոփում ենք կատարել։ Դեռևս չունենք ԾԻԳ-երի հաշվետվությունները, որոնք կստանանք այս ամսվա ընթացքում։ Բայց եկամտային մասով ունենք ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատված պետբյուջեի նկատմամբ 25 միլիարդ դրամի գերակատարում, ընդ որում` 20 միլիարդը միայն հարկային մուտքերի գծով է, ինչպես նաև ծախսային մասով ունենք 15 միլիարդի տնտեսում։ Սա նշանակում է, որ մեր մակրոտնտեսական պաշարներն ավելացրել ենք 2011թ. համար։ Միասնական հաշվի մնացորդը կազմում է 30 միլիարդ դրամ, իսկ Կայունացման հիմնադրամի գումարները կազմում են 45 միլիարդ դրամ` ծրագրված 31 միլիարդի փոխարեն։ Սա պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ կառավարության կողմից տրամադրված վարկերն ավելի շուտ են վերադարձվել կառավարությանը։ Արդյունքում մենք մեր Կայունացման հիմնադրամում այս պահին ունենք 45 միլիարդ դրամ գումար։
Եվ երրորդ հանգամանքը. տեղյակ եք, որ Համաշխարհային բանկը երեկ հաստատեց Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող հերթական տրանշը` 25 մլն ԱՄՆ դոլար, որը նույնպես ավելացնելու է մեր ֆինանսական պաշարները 2011թ. համար։
Երրորդը, որ կցանկանայի ասել, հարգելի գործընկերներ, այսօր առաջին անգամ կառավարության նիստին մասնակցում է գյուղատնտեսության նորանշանակ նախարարը` Սերգո Կարապետյանը։ Գիտեք, որ 2011թ. մեր ուշադրության կենտրոնում է գտնվելու հենց գյուղատնտեսությունը։ 2010թ. մեր տնտեսական ցուցանիշներն ավելի բարվոք կլինեին, եթե մենք գյուղատնտեսության ոլորտում չունենայինք աննախադեպ բարձր` 14,5 տոկոս անկում։ Դա նշանակում է, որ նախարարից մեծ ակնկալիքներ կան 2011թ.։ Եվ հաշվի առնելով, որ նա ունի հարուստ փորձ, աշխատանքի հաջողված պատմություն գյուղատնտեսության ոլորտում, համոզված եմ, որ մենք կկարողանանք միասին գյուղատնտեսության ոլորտում 2011թ. ապահովել տնտեսական աճի բավարար ցուցանիշ։

 

***

Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի մասին

Առաջին, այս ծրագիրը մենք պետք է համադրենք ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի հետ։ Բոլոր նախարարություններին հանձնարարվում է մեկ շաբաթվա ընթացքում ևս մեկ անգամ վերանայել գերակայությունները, և եթե լրացումներ կատարելու անհրաժեշտություն կա, այդ լրացումները կատարել, որպեսզի մեր 2011թ. միջոցառումների ծրագիրը համահունչ լինի նախագահի նախընտրական ծրագրին։
Երկրորդ` բոլոր նախարարներին հանձնարարվում է հանրությանը ներկայացնել իրենց գերակա խնդիրները և միջոցառումների ծրագիրը, հրավիրել մամուլի ասուլիսներ և մանրակրկիտ բացատրություններ տալ, թե նախարարությունները 2011թ. ինչ միջոցառումներ են իրականացնելու։
Երրորդ հանձնարարականը, ես արդեն ասացի, այն է, որ մեկ շաբաթվա ընթացքում ինձ պետք է ներկայացնեք այն նորմատիվային փաստաթղթերը, որոնք 2011թ. նախարարություններն ի վիճակի են լինելու նոր մեթոդիկայով ազդեցության գնահատական իրականացնել ամբողջական ծավալով։ Դա նշանակում է, որ պետք է ընտրեք կարևորագույնները, որոնց վրա իմաստ ունի ջանք գործադրել։ Մի կողմից, կփորձարկենք մեթոդիկաները, մյուս կողմից` կկարողանանք ձևավորել կարողություններ նախարարություններում։
Որո՞նք են լինելու 2011թ. առաջնահերթությունները։ Բարեփոխումների իրականացման առումով ես դրանք կցանկանայի բաժանել մի քանի խմբի.
Առաջինը և, իհարկե, ուղենիշայինն այն է, ինչ որ ՀՀ նախագահը մեզ հանձնարարել է. մենք պետք է դիվերսիֆիկացման ենթարկենք մեր տնտեսական համակարգը։ Այդ առումով էական, հիմնարար բարեփոխում ենք մենք ձեզ հետ միասին սկսել 2010թ.։ Դա մեր կառավարության թիվ 1 և լրջագույն բարեփոխումն է` կենսաթոշակային բարեփոխումը, որն առնչվում է բոլոր ոլորտների հետ, երկարաժամկետ է և մեզանից շատ ռեսուրսներ է խլելու։
Երկրորդ լրջագույն բարեփոխումը պարտադիր ապահովագրությունն է, որը մենք սկսեցինք 2010թ.։ 2011թ. այդ առումով բեկումնային է լինելու, որովհետև կձևավորվեն պարտադիր ապահովագրության ինստիտուցիոնալ կառույցները։ Դա ենթադրում է, որ հազարավոր մարդիկ առնչվելու են այս համակարգի հետ, և նոր մտածողություն է ներդրվելու այս ոլորտում բավական լուրջ հետևանքներով։
Եվ մեր բարեփոխումների երրորդ ուղղությունը, բնականաբար, բիզնես միջավայրին առնչվող ռեֆորմներն են, որ իրականացվելու են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում։ Սա ռեֆորմների առաջին բլոկն է։ Երկրորդ բլոկը արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն է։ Արդյունաբերությունում մենք առաջին անգամ ունենալու ենք արդյունաբերական արտահանման ուղղվածություն ունեցող համալիր ծրագիր։ Էկոնոմիկայի նախարարությունն աշխատել է այս ծրագրի վրա, և մենք պետք է կարողանանք հնարավորին չափ կարճ ժամանակահատվածում հաստատել այդ ծրագիրը։ Առաջին անգամ նկարագրված են լինելու ճյուղերն ըստ ձեռնարկությունների։ Ըստ ճյուղերի պետք է լինեն շարժիչ ուժ հանդիսացող ձեռնարկություններն իրենց ներուժով և նկարագրությամբ, թե 2011թ. արդյունաբերությունում աճի ինչպիսի տեմպեր են լինելու ըստ հատվածների։ Այս վարժությունը մի քանի անգամ էկոնոմիկայի նախարարության հետ կատարել ենք և 2011թ. համար այն պետք է հաստատենք առաջին անգամ։
Գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումները մեզ համար առաջնահերթություն են լինելու 2011թ.։
Երկու ոլորտ, մեր բարեփոխումների երրորդ հարթությունը, որոնք սոցիալական ուղղվածություն ունեն, քանի որ պետության կողմից ծառայությունների մատուցման բնագավառն են` առողջապահություն, կրթական համակարգ։ Մենք պետք է էապես բարելավենք մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, հասանելիությունը և կոռուպցիոն ռիսկերը պետք է կտրուկ նվազեցնենք. ունենք որոշակի հաջողություններ այդ բնագավառում։ Ծննդօգնության ծրագիրը ցույց տվեց, որ եթե մենք համալիր ծրագիր ենք իրականացնում, ապա ունենում ենք էական հաջողություն։ Միջազգային կառույցների գնահատականներով` ծննդաբերության բնագավառում 80 տոկոսով կոռուպցիոն ռիսկերը նվազեցին։ Իհարկե, դեռևս ունենք խնդիրներ, բայց 80 տոկոս կրճատումն էական արդյունք է։ Կարծում եմ, որ 2011թ. և՛ առողջապահության, և՛ կրթական համակարգում էական բարեփոխումների տարի է լինելու, այնպիսի բարեփոխումների, որ մեր քաղաքացիներն զգալու են դա։
Եվ, իհարկե, չորրորդ հարթությունը դատաիրավական բարեփոխումներն են և ոստիկանության բնագավառում իրականացվող համալիր ծրագիրը, որ անցած տարի հանրապետության նախագահի կողմից հաստատվեց ամբողջությամբ։ Լրջագույն ծրագիր ենք հաստատել` հստակ միջոցառումներով, ժամանակացույցով, ֆինանսական աղբյուրներով։ Առաջին դրական արդյունքներն արդեն ունենք։ Կտրուկ նվազեց ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը, և մենք, ըստ էության, այս առումով հինգ տարվա ծրագիրը կատարեցինք մեկ տարվա ընթացքում։ Եվ համոզված եմ, որ 2011թ. այս ռեֆորմների արդյունքներն էլ լինելու են շոշափելի, և այս ամենն արտացոլված է այս փաթեթում, որ մենք այսօր հաստատում ենք։

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ