երկուշաբթի, 17 հունվարի 2011
Սկսվել է ՀՀ նախարարությունների 2010թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը
Այսօր ՀՀ կառավարությունում մեկնարկել է ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր պետական գերատեսչությունների 2010թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը։
Մինչ հաշվետվություններին անդրադառնալը վարչապետը նշել է, որ անդրադարձ է արվելու նախարարությունների` ՀՀ կառավարության 2010թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներին ու միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում արձանագրված հաջողություններին և բացթողումներին:
2010թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, ֆինանսների և բնապահպանության նախարարները։ ՀՀ կառավարության անդամները ներկայացրել են ՀՀ կառավարության 2010թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները:
Հաշվետվությունները լսելուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2010թ. ընթացքում ըստ նախարարությունների տրված հանձնարարականների կատարողականներին: Որպես նախարարությունների 2010թ. գործունեության ընդհանուր խնդիր` Տիգրան Սարգսյանն առանձնացրել է նախարարություններում ներքին աուդիտի հարցի կանոնակարգումը:
Խոսելով արձանագրված թերացումներից և բացթողումներից` վարչապետ Սարգսյանը բացատրություններ է պահանջել դրանց վերաբերյալ: ՀՀ նախարարները զեկուցել են տրված հանձնարականների ժամանակին չկատարման և հետաձգումների պատճառների մասին: Վարչապետը նախարարների ուշադրությունը հրավիրել է չկատարված միջոցառումների վրա` հանձնարարելով դրանք վերցնել անձնական հսկողության տակ: