հինգշաբթի, 20 հունվարի 2011
Այս տարի վարկ կտրվի 300 երիտասարդ ընտանիքի
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Իրագործվում է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը
ՀՀ կառավարությունը որոշել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով տրամադրված վարկերի տոկոսադրույքները 2011թ. առաջին եռամսյակում համաֆինանսավորելու համար ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացնել 20000.0 հազար դրամ։ Նշելով, որ այս ծրագիրը ՀՀ նախագահի նախընտրական կարևոր պարտավորություններից է, վարչապետ Տիգրան Սարգսյանը դրա հաջող իրականացումը պայմանավորել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ ֆինանսների նախարարությունների և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ և արդյունավետ ջանքերով։ Ծրագրի շրջանակում մինչև 2010թ. դեկտեմբերի 28-ը տրվել է 223 վարկ, այս տարի կտրվի ևս 300-ը։ Հատկապես կարևորվում է ծրագրի իրականացումը ՀՀ մարզերում։
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը, սահմանել ձկնամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջները։ ՀՀ վարչապետը նշել է, որ ձկնարդյունաբերության ոլորտում բավական մեծ ներուժ է ձևավորվել։ 2010թ. էապես աճել է թարմ ձկան արտադրությունը։ Ընթացիկ տարում պետք է ոչ միայն պահպանել աճի միտումը, այլև խթանել ձկնատեսակների արտահանումը, ինչը նույնպես հեռանկարային ոլորտ է,
- ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այժմ ՀՀ նախարարությունների մի մասը ունի ծրագրի իրականացման գրասենյակներ, որոնք գլխավորապես իրականացնում էին Համաշխարհային բանկի ծրագրերը, այժմ նաև` տվյալ նախարարության ծրագրերը։ Մյուսները, այդ թվում քաղաքաշինության նախարարությունը, ԾԻԳ չունեին, դրանք ստեղծման փուլում են։ Այսպիսով, իրականացվում է կարևոր գործառույթ` տարանջատվում են նախարարությունների` իբրև տվյալ ոլորտի քաղաքականությունը մշակողների և ծրագրի իրականացման գրասենյակների իրավասությունները,
- ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով ՀՀ 2011թ. պետբյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները, սահմանել ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի, հավելման և միանվագ օգնության չափերը, որոնք մնացել են անփոփոխ,
- ՀՀ մուտքի վիզա տրամադրելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից հրավերի հաստատման և հաշվառման կարգը,
- ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցման և կազմման չափորոշիչները, որոնց շնորհիվ հնարավորություն կստեղծվի պահպանել, մոռացությունից փրկել ոչ նյութական մշակութային ժառանգությունը և ապահովել դրա կենսունակությունը։
Գործադիրը սահմանել է երեխայի տարիքը որոշող հանձնաժողովի կազմը և լիազորությունները, երեխայի տարիքը որոշելու դիմումի և եզրակացության ձևերը։ Իրավական ակտի ընդունումը կնպաստի բժշկական կազմակերպությունից դուրս ծնված և գտնված (ընկեցիկ) երեխաների փաստաթղթավորմանը և դրանից բխող գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը, բխում է երեխաների շահերից և ուղղված է դրանց պաշտպանությանը։
Իր նիստում կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց շնորհիվ ավելի ամուր հիմքերի վրա են դրվում սովորողների նախազորակոչային պատրաստությունը և ռազմահայրենասիրական դաստիարակությունը։ Փոփոխելով ավելի վաղ ընդունած իր որոշումներից ևս մեկը, գործադիրը դրանով իսկ շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը համապատասխանեցրել է «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքին և մոտարկել Եվրամիության համանման փաստաթղթերին։
Կառավարության որոշմամբ ՀՀ նախագահի աշխատակազմի «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ը միացնելու ձևով վերակազմակերպվել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։
Նիստում ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած երկու որոշումներին համապատասխան «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել են Ճապոնիայի կառավարության գործընկերային հիմնադրամի միջոցներով Արարատի մարզում 2010թ. տեղակայված և շահագործման ենթակա հակակարկտային 28 կայանքը, ինչպես նաև ՀՀ 2010թ. պետբյուջեի միջոցների հաշվին Արարատի և Արմավիրի մարզերում տեղակայված և շահագործման ենթակա համապատասխանաբար 8 և 40 հակակարկտային գազագեներատորային կայանքները։
Հաշվի առնելով, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մշակած «համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլից հիմնական փուլ ներդաշնակ անցնելու համար կայունացման դեպոզիտային հաշվից գումար հատկացնելու առաջարկությունն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը և փոփոխելով իր նախկին որոշումը, գործադիրը ծրագրի հետագա ֆինանսավորումն իրականացնելու համար 1 մլրդ դրամ է հատկացրել ՀՀ կենտրոնական բանկին։
Կառավարությունը որոշել է իր ավելի վաղ ընդունած որոշմամբ «ՀՀ ԿԱ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» ՊԿՀ-ին որպես պետական սեփականություն ամրացված և «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված Գնիշիկի պոմպակայանի մղման խողովակաշարը հետ վերցնել և նվիրաբերել Վայոց ձորի մարզի Գնիշիկի համայնքին` կառուցվող գազամատակարարման խողովակաշարի համար որպես հենասյուներ օգտագործելու նպատակով։ Պոմպակայանը 2000թ. հետո չի շահագործվել, մղման խողովակաշարը նույնպես տեխնիկապես անբավարար վիճակում է։
Խթանվում է տնտեսավարողների համատեղ գործունեությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների համատեղ գործունեության խթանման միջազգային լավագույն փորձի տեղայնացմանը և օրենսդրական կատարելագործմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է տարբեր ատյաններում հանգամանորեն քննարկված այս օրինագծի կարևորությունը։ Դրա համաձայն համատեղ գործունեության պայմանագրով գործող գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտներից յուրաքանչյուրը հանդես է գալիս որպես առանձին հարկ վճարող։ Տնտեսավարման բարենպաստ միջավայրի ձևավորման այս առաջարկն արել է նաև ՀՀ հանրային խորհուրդը։ Կառավարության հավանությունն է ստացել «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որն ընդունելու դեպքում կբացառվեն անպարտաճանաչ վարկառուների ինքնասնանկացման համար դատարան ներկայացվող դիմումները։
Գործադիրը քննության է առել Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու առաջարկությունը, որի նպատակն է աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերի և աշխատաժամանակի ռեժիմի դրույթների հստակեցումը։ Կառավարությունն օրենքի նախագիծն ընդունելի կհամարի օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունն իր խմբագրությամբ շարադրելու դեպքում։
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
Այլ հարցեր
ՀՀ կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում և սահմանել, որ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկ են մտցվում արխիվագետները, արխիվի ֆոնդապահները, արխիվի համակարգչային և թվայնացնող սարքավորումների ապարատավարները, լաբորատորիայի վերականգնողները, կազմարարները և ախտահանողները, արխիվի ստորաբաժանումների ղեկավարները։
Իր նիստում կառավարությունը փոխել է Արագածոտնի մարզի Չքնաղի, Լոռու մարզի Արջուտի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները` համապատասխանաբար բնակելի կառուցապատման, խճի բարձման և բեռնաթափման հրապարակի և քարի մշակման արտադրամասի կառուցման, հասարակական կառուցապատման, այգեգործության նպատակով։ Մեկ այլ որոշմամբ Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկը փոխադրվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի համար։
Կառավարությունը Արտակ Գրիգորյանին եռամսյա փորձաշրջանով նշանակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար։