երկուշաբթի, 6 հոկտեմբերի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-մայոր Սերգեյ Բոնդարևին: ՌԴ նախագահի հրամանագրով վերջերս այդ պաշտոնին նշանակված գեներալ-մայոր Բոնդարևը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ իր շնորհակալությունն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ սահմանապահ զորքերի նկատմամբ ցուցաբերած մշտական հոգածության համար, նշելով, որ մինչ այժմ բոլոր խնդիրները ժամանակին և արագ լուծում են ստացել, այդ թվում՝ ֆինանսավորման հետ կապված: Նա վստահեցրել է, որ Հայաստանի սահմանները հուսալիորեն պաշտպանված են և դրանում, ըստ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի, մեծ է նաև սահմանապահ զորքերում ծառայող հայազգի զինվորականների դերը, որոնք ռուս սահմանապահների հետ համերաշխ և նվիրումով կատարում են իրենց զինվորական պատքը:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ կառավարությունը նույն ոգով կշարունակի համագործակցել՝ առկա խնդիրները օպերատիվորեն լուծելով և մշտական ուշադրության կենտրոնում պահելով սահմանապահ զորքերը: Կառավարության ղեկավարը ևս իր շնորհակալությունն է հայտնել Հայաստանում իրենց ծառայությունը կատարող ռուս սահմանապահներին՝ մեր երկրի սահմանների պաշտպանության, ինչպես նաև զինվորական կադրերի վերապատրաստման գործում մեծ աջակցության համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հետագա համագործակցության հետ կապված առանձին խնդիրների: Գեներալ-մայոր Սերգեյ Բոնդարևը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հրավիրել է այցելել սահմանապահ զորքեր, ինչը վարչապետը սիրով ընդունել է: