երկուշաբթի, 6 հոկտեմբերի 2003
Այսօր կառավարությունում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Գլենդելի քաղաքապետ Ֆրանկ Քուինտե֊րոյին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պարոն Ֆրանկ Քուինտե֊րոյը նշել է, որ պատվիրակության այցի նպատակներից մեկը Հայաստանի առանձին բնակավայրերի՝ մասնավորապես Կապան քաղաքի հետ սերտ կապերի հաստատումն է: Ըստ նրա, դրա համար կան բոլոր հնարավորությունները, մանավանդ, որ Գլենդելը ԱՄՆ-ի այն եզակի քաղաքներից է, որտեղ մեր հայրենակիցները զգալի թիվ են կազմում՝ շուրջ 200 հազար բնակչությունից 70 հազարը հայեր են: Քաղաքապետի հավաստմամբ, հայկական համայնքը մեծ ազդեցություն ունի քաղաքի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական կյանքում: Թեկուզ այն հանգամանքը, որ Գլենդելի քաղաքային խորհրդի 5 անդամներից 2-ը հայեր են, արդեն իսկ դրա վկայությունն է:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Հովիկ Աբրահամյանը նրանց ծանոթացրել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ներկա իրավիճակին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման սկզբունքներին, տնտեսական առանձին ոլորտների կենսագործունեությանը, գտնելով, որ դրանից հետո միայն հնարավոր կլինի ծրագրավորել, առավել արդյունավետ դարձնել փոխգործակցությունը: Նա վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը կանի հնարավորը Գլենդելի և Կապանի միջև բարեկամության հաստատման և ամրապնդման համար:
Գլենդելի քաղաքապետը ևս ներկայացրել է իր ղեկավարած քաղաքի սոցիալական ու տնտեսական հնարավորությունները, նշելով, որ այն ունի ոչ միայն սոցիալական ծառայությունների մատուցման ժամանակակից փորձ, այլև հզոր տեխնոլոգիական և արդյունաբերական պոտենցիալ: Գլենդելի և Կապանի միջև ստեղծվող բարեկամությունը, ըստ նրա, հնարավորություն կտա երկու քաղաքների բնակչությանը՝ գործարարներին, գիտակրթական, մշակութային հանրությանը շփվելու միմյանց հետ, պատվիրակությունների փոխայցելություններ կազմակերպելու և փոխանակելու, առավել արդյունավետ դարձնելու համագործակցությունը:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ լավ սկիզբը նաև հաջող շարունակություն կունենա: