հինգշաբթի, 27 հունվարի 2011
Կառավարությունը պետք է արագ արձագանքի քաղաքացիներին հուզող հարցերին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը դիմել է ներկաներին` ընդգծելով քաղաքացիներին հուզող հարցերին նախարարությունների արագ արձագանքման կարևորությունը։ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նկատի է ունեցել ս.թ. հունվար ամսին կենսաթոշակների վճարման հարցում ծագած խնդիրները, որոնց վերաբերյալ պարզաբանում է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (վարչապետի ներածական խոսքը և նախարարի պարզաբանումը կայքում տեղադրվում են առանձին)։ Այնուհետև հաստատելով օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել որոշումների նախագծերի քննարկմանը։
Կառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և 2011թ. հունվար ամսվա վիճակահանության արդյունքում շահող կտրոնների պարգևավճարների տրամադրման համար սահմանված 31.01.2011թ. ժամկետը հետաձգել է մինչև 05.02.2011թ.։ Ամեն մի ամսվա համար սահմանվել է վիճակահանության անցկացման մեկ միասնական օր` յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեից պահանջել է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի վճարման ժամանակ կանխվեն հերթերը և այլևս չկրկնվի հունվար ամսվա իրավիճակը։
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ վերաբաշխում է կատարել 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի «Վճարումների ծառայություն» տարածքային ստորաբաժանման աշխատակիցների վերջնահաշվարկը կատարելու նպատակով հատկացրել 73.362.1 հազար դրամ։
Հավանություն է տրվել Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի նախնական ծրագծին
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային գծի նախնական ծրագծին։ Պետական կառավարման մարմիններին հանձնարարվել է երկաթգծի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման ավարտից հետո մեկամսյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և սահմանված կարգով ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնել ծրագծով նշված հողամասում գտնվող հողերի կատեգորիայի անհրաժեշտ փոփոխություն կատարելու, երկաթգծի շահագործման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերը գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ։ Նոր երկաթգծի կառուցումը Հայաստանի համար ռազմավարական և տնտեսական մեծ նշանակություն ունի։ 31.2 կմ երկարությամբ երկաթգիծը թույլ կտա միացնել Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Երևան և Թբիլիսի-Գյումրի-Մասիս երկաթուղային ուղղությունները և դրանով զգալիորեն կրճատել ինչպես միջմարզային, այնպես էլ միջհանրապետական փոխադրումների հեռավորությունն ու արժեքը։ Հետագայում Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգիծը մեծ դեր կունենա նաև Հայաստանը երկաթուղային տարանցիկ երկիր դարձնելու գործում։
Կառավարությունը ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկման և մատուցվող ծառայության դիմաց իրականացված ծախսի փոխհատուցման նպատակով «Հարավկովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ին վճարելու համար ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը հատկացրել է 4022066,0 դրամ։
Իր նիստում կառավարությունը լրացում է կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 8000.0 հազար դրամ` Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրի սողանքային հատվածի հիմնանորոգման համար երկրաբանահետազոտական աշխատանք ձեռք բերելու նպատակով։
Ազատականացվում է գործարար միջավայրը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերին, որոնցով առաջարկվում է կատարելագործել հարկային վարչարարությունը, շարունակել գործարար միջավայրի ազատականացումը և գործարարների աշխատանքի համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը։
ՀՀ կառավարությունը քննության է առել Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է, հեղինակների խոսքով, արձագանքել մարզային հեռուստաընկերությունների արդարացի բողոքին և չեղյալ համարել տարածքային/մարզային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների գանձվող տուրքի անհիմն բարձրացումը։ Գործադիրը պարզաբանել է, որ վերոնշյալ հեռուստաընկերությունների տուրքի դրույքաչափերը չեն բարձրացել, ուստի նախագծի ընդունման անհրաժեշտություն չկա։
Վերը նշված նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
Մեծացվում է ծրագրերի իրականացման արդյունավետությունը
Նկատի առնելով այն, որ 2009-2010թթ. ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին են փոխանցվել բազմաթիվ գործառույթներ, կառավարությունն իր որոշմամբ հաստատել է նախարարության աշխատակազմի նոր կառուցվածքը` նպատակ ունենալով բարձրացնել կառավարման արդյունավետությունը։
ՀՀ կառավարությունն իր որոշումներով հաստատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը, Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն ստեղծելու իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել լրացումներ, որոնցով ընդլայնվել և հստակեցվել են այդ ՊՈԱԿ-ի լիազորությունները։
Լրացումներ կատարելով տարբեր տարիներին ընդունած իր որոշումներում, գործադիրը «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա», «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» և «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ների կանոնադրություններում մտցրել է լրացուցիչ պայմաններ, որոնք հնարավորություն կտան բուհական աշխատանքում ներգրավել առավել մեծ վաստակ ունեցող գիտամանկավարժական կադրերին։
Կառավարությունը հաստատել է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման փորձնական կարգը, ինչը նպատակ ունի այդ մարզի հանրակրթական դպրոցներում կազմակերպել ներառական կրթությունը` գնահատելու այդ ոլորտում Հայաստանի հանրակրթական ոլորտի հնարավորությունները։
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկով հատատված «Մանկատանը (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչներում»։ Սահմանվել են երեխայի սննդի տեսականին և քանակը, երեխայի հագուստի, կոշկեղենի և փափուկ գույքի տեսականին և քանակը, հաստատության անձնակազմում անհրաժեշտ մասնագետների կազմը և նորմատիվները։
Գործադիրը «Ազգային համագործակցություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հիմնադրել է «Ազգային համագործակցություն» հիմնադրամ, որում կամավոր գույքային ներդրում կատարելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել է 3500,0 հազար դրամ։ ՀՀ կառավարության որդեգրած ժամանակակից տեղեկատվական հասարակության կազմավորման գործընթացի շրջանակում նախատեսվում է ձևավորել տեղեկատվության և հեռահաղորդակցության ոլորտում բազմակողմանի ծառայություններ մատուցող մի կառույց` «Ազգային համագործակցության ցանց» կայք-պորտալ, որի շնորհիվ մեր հայրենակիցները, անկախ բնակության և գործունեության վայրից, կստանան գործնական խնդիրների լուծման, ինքնազարգացման, հանգստի, ուսման, փոխօգնության կազմակերպման լրացուցիչ հնարավորություններ։
Կառավարությունը սահմանել է տեղանքի առանձնահատկությամբ պայմանավորված յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը։ Ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի ազգային ջրային պաշարի պահպանությանը, դրա արդյունավետ կառավարման միջոցով քաղաքացիների և տնտեսության ջրի պահանջարկի բավարարմանը, շրջակա միջավայրի բնապահպանական կայունության ապահովմանը։
Այլ որոշումներ
Գործադիրը որոշել է ֆինանսավորել 2011թ. փետրվարի 13-ին կայանալիք Գեղարքունիքի մարզի Նորաբակի գյուղական համայնքի ղեկավարի, 2011թ. փետրվարի 20-ին կայանալիք Արմավիրի մարզի Գեղակերտի, Դաշտի, Լեռնամերձի, Ծաղկունքի, Բերքաշատի, Շիրակի մարզի Կրասարի, Կարմրաքարի, Բայանդուրի, Սյունիքի մարզի Կուրիսի գյուղական համայնքների ղեկավարների, Քարաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2011թ. փետրվարի 27-ին կայանալիք Գեղարքունիքի մարզի Գետիկի գյուղական համայնքի ղեկավարի, Դարանակի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Այգուտի, Փամբակի, Գեղամասարի, Կախակնի, Շատջրեքի, Ներքին Շորժայի գյուղական համայնքների ավագանու անդամների, Կոտայքի մարզի Քաղսիի, Վայոց ձորի մարզի Թառաթումբի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստության և անցկացման ծախսերը։
Կառավարությունն իր նիստում հաստատել կամ փոխել է Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային, Քարաշամբի, Արմավիրի մարզի Նալբանդյանի, Արագածոտնի մարզի Օշականի, Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները` համապատասխանաբար կավի արդյունահանման, խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի և հեռուստակայանի, ավազի լվացման և խճի ջարդման արտադրամասի կառուցման, տուֆ քարի արդյունահանման, գյուղատնտեսության և անասնապահության զարգացման կենտրոնի կառուցման համար։
Գործադիրը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման արտոնագիր է տվել Հրազդանի «Էմբրիոն» ՍՊԸ-ին։
Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տրվել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ երեք ֆուտբոլիստի։