երեքշաբթի, 1 փետրվարի 2011
Ներկայացվել է «Նորավանք» ԳԿՀ-ի 2010թ. գործունեության հաշվետվությունը
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Նորավանք» ԳԿՀ-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հիմնադրամի 2010թ. տարեկան գործունեության ամփոփ հաշվետվությունը: Մասնավորապես, նա զեկուցել է հաշվետու տարում հիմնադրամի Հայագիտական, Քաղաքական հետազոտությունների, Տեղեկատվական հետազոտությունների, Ուսումնական, Հրատարակչական կենտրոնների կողմից և Գործունեության ապահովման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին: Հարցի առնչությամբ ծավալված մտքերի փոխանակումից հետո խորհուրդը հաստատել է այն:
Կարևորելով հիմնադրամի գործունեության ուղղությունների և գործառույթների հստակեցումը` վարչապետը հանձնարարել է «Նորավանք» ԳԿՀ-ի գործադիր տնօրենին հաջորդ նիստում հոգաբարձուների խորհրդին ներկայացնել հիմնադրամի կանոնադրական նպատակներից բխող ռազմավարական բնույթի ծրագրեր:
Օրակարգի մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհրդի հավանությանն է արժանացել «Նորավանք» ԳԿՀ-ի կանոնադրության մեջ` նիստերի անցկացման պարբերականության վերաբերյալ փոփոխություններ կատարելու առաջարկը: