երեքշաբթի, 1 փետրվարի 2011
Քննարկվել է օրենքի նախագիծը
Այսօր կառավարությունում քննարկվել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նախագիծը:
Համաձայն առաջարկվող փոփոխությունների` նախատեսվում է վերացնել վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք վերցվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմն ու վերանայել միջին աշխատավարձը հաշվարկելու կարգը:
Նախատեսվում է նաև նպաստը վճարել ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի տոնական ոչ աշխատանքային օրերի համար` պահպանելով դրա չվճարումն ընդհանուր հանգստյան` շաբաթ և կիրակի օրերի համար, որով վերացվում է նախկինում կատարված բացթողումը:
Քննարկման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին` կազմակերպել հանրային քննարկում հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ` նպատակ ունենալով ստանալ հասարակության լայն շերտերի կարծիքներն ու առաջարկությունները:
Նախագիծը և հանրային քննարկման հրավերը կտեղադրվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում (www.mss.am):