ուրբաթ, 11 փետրվարի 2011
Կայացել է «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի առաջին հարցով «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը ներկայացրել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի փակման պլանի վերջնական տարբերակը, որը վերանայվել և լրամշակվել էր ծրագրի ինչպես ամերիկյան, այնպես էլ հայաստանյան ղեկավարների ու մասնագետների կողմից: Խորհուրդը հաստատել է ծրագրի փակման պլանի վերջնական տարբերակը և հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարությանը տրամադրել համապատասխան իրավական կարծիք:
Կառավարման խորհրդի անդամների կողմից քննարկվել և հաստատվել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի գնումների վերանայված պլանը, ինչպես նաև Ոռոգման ենթակառուցվածքների բաղադրիչի շրջանակներում կնքված երրորդ կարգի ջրանցքների կառուցման Երկրորդ փաթեթի Լոտ 2-ի, ինչպես նաև 17 պոմպակայանների վերականգնման պայմանագրերի փոփոխությունների նախագծերը:
Հաջորդ հարցով հավանության են արժանացել Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի շրջանակում կնքված ծանր տեխնիկայի ձեռքբերման և «Ոռոգման կառավարման կազմակերպությունների կարողությունների ամրապնդում» պայմանագրերի փոփոխությունների նախագծերը:
Ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի, հաստատվել է Արարատյան դաշտի դրենաժային համակարգի վերականգնման պայմանագրի փոփոխության նախագիծը: Խորհուրդը հավանություն է տվել հանրային իրազեկման գործընթացի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներին: