շաբաթ, 12 փետրվարի 2011
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հրանտ Մաթևոսյանին նվիրված հուշաքար-աղբյուրի բացմանը
Հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր` գրողի ծննդյան օրը, Երևանի նրա բնակարանի առջև, բացվել է հուշաքար-աղբյուր: Միջոցառմանը մասնակցել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հրանտ Մաթևոսյանի կրտսեր թոռնուհու հետ վարչապետը բացել է հուշաքար-աղբյուրը, որի հեղինակն է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դասախոս, քանդակագործ Տիգրան Բարսեղյանը: Միջոցառմանը մասնակցում էին Հրանտ Մաթևոսյանի ընտանիքի անդամները, գրչակից ընկերները, մտավորականներ, մշակույթի գործիչներ: Հուշաքարի բացման ընթացքում ելույթ են ունեցել նաև Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի սաները:
Հանդիսավոր արարողության ընթացքում խոսքով հանդես են եկել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ով նշել է, որ արդեն 5 տարի է, ինչ ՀՀ կառավարությունը և Գրողների միությունը համատեղ սահմանել են “Հրանտ Մաթևոսյան” մրցանակ: Այս տարի այն շնորհվել է գրող Ֆելիքս Մելոյանին, ով մեծ վաստակ է ունեցել մեծանուն գրողի ստեղծագործությունների առավել հանրահռչակման գործում: Կառավարության ղեկավարն անձամբ է հանձնել մրցանակը:
Միջոցառումից հետո Տիգրան Սարգսյանը այցելել է Հրանտ Մաթևոսյանի բնակարան և շնորհավորել գրողի հարազատներին: