երեքշաբթի, 15 փետրվարի 2011
Տեղի է ունեցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է հիմնադրամի 2010թ. գործունեության հաշվետվությունը: ՀՍՆՀ գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը խորհրդի անդամներին զեկուցել է, որ հաշվետու տարվա աշխատանքներում ընդգրկված են եղել հանրապետության բոլոր մարզերը. քաղաքային և գյուղական համայնքներից ստացվել են ծրագրերի առաջարկներ, որոնց իրականացման նպատակով համաձայնագիր է կնքվել 47 համայնքների հետ: 20 ծրագիր գտնվում է նախագծային և կապալառուների ընտրության մրցութային փուլում, ևս 29 ծրագրերում իրականացվում են շինարարական աշխատանքները:
Նշվել է, որ 2010թ. ընթացքում շինարարական աշխատանքներն ավարտվել են 56 ծրագրերում` մոտ 3 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, դրանց շահառուների թիվը 537 հազար մարդ է, մեկ շահառուին ընկնող միջին արժեքը` 5491 դրամ։ 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ` ՀՍՆՀ-ի 3-րդ Ծրագրի ավարտված ենթածրագրերի թիվը 197 է` շուրջ 10.2 միլիարդ դրամ արժեքով, ընդ որում դրանց 44 տոկոսը հանրակրթական և մասնագիտական դպրոցներին առնչվող ծրագրեր են։
2010թ. ընթացքում դպրոցական կահույքի մատակարարման համար կնքվել է 5 պայմանագիր, և արդյունքում 60 դպրոցների հատկացվել է 9056 միավոր դպրոցական կահույք։ Մեկ այլ պայմանագրով հիմնադրամի ծրագրերում ընդգրկված 10 գյուղերի մշակույթի տների/համայնքի կենտրոնների դահլիճների կահավորման համար հատկացվել են 2388 փափուկ աթոռներ։
Տեղեկացվել է, որ հաշվետու ժամանակահատվածում հիմնադրամի ֆինանսավորմամբ կազմակերպվել են դասընթացներ, որոնց ընթացքում ՀՀ բոլոր մարզերի 105 համայնքների 515 ներկայացուցիչներ, այդ թվում` համայնքապետեր և ֆինանսական պատասխանատուներ վերապատրաստվել են ֆինանսական կառավարման, բյուջեի կազմման, հարկային և գույքային կառավարման ոլորտներում։
Հիմնադրամի գործադիր տնօրենը խոսել է տեղական, միջազգային և բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության շարունակականության մասին, որի նպատակը համայնքներում ներդրումներ կատարելու հարցում հիմնադրամի ծրագրերին ֆինանսական աջակցությամբ սատարելն է։ Մասնավորապես, 2010թ. ընթացքում 55 ծրագրերի իրականացման համար համայնքները ներդրել են 164.4 մլն դրամ, ընդ որում` այդ գումարի 52 տոկոսն անհատույց նվիրաբերել են միջազգային կազմակերպություններն ու սփյուռքահայ բարերարները։ Նշվել է, որ հայաստանյան գործարարների անունից կատարված դրամական ներդրումները կազմել են 16.4 մլն դրամ։
Աշոտ Կիրակոսյանի հաղորդմամբ, 2010թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր, ըստ որի Սոցիալական ներդրումների հիմնադրամի Ծրագրին հատկացվել է երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում` 7 մլն ԱՄՆ դոլար գումարով, որի գերակշիռ մասն ուղղվել է Երևանից դուրս գտնվող տնտեսական ու սոցիալական մի շարք ցուցանիշների հիման վրա ըստ կարիքավորման աստիճանի խմբավորված առավել խոցելի համայնքներին։
Խորհուրդն ի գիտություն է ընդունել հիմնադրամի գործադիր տնօրենի զեկույցը հիմնադրամի 2010թ. գործունեության վերաբերյալ:
Օրակարգի մեկ այլ հարցով հաստատվել է ՀՍՆՀ 2011թ. գործունեության ծրագիրը:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ կազմակերպչական հարցեր։