չորեքշաբթի, 16 փետրվարի 2011
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի համատեղ մամուլի ասուլիսի սղագրությունը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Մեր հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք տնտեսական համագործակցության բոլոր այն խնդիրները, որոնք կան մեր օրակարգում և ձեռք ենք բերել պայմանավորվածություններ, թե ինչպես ենք շարունակելու աշխատանքները մեր վրացի գործընկերների հետ։ Դրանք և միասնական մաքսային ծառայության ստեղծման, և ճանապարհաշինարարության, մարդատար, տրանզիտ իրականացնող, բեռներ տեղափոխող մեքենաների՝ հայ-վրացական սահմանի հատման կարգին վերաբերող խնդիրներն են։ Վրաստանում ընդունվել են նոր օրենքներ, որոնք սահմանում են նոր ռեժիմներ, և, բնականաբար, մեր գերատեսչությունները համատեղ պետք է աշխատեն այս բնագավառներում։ Մենք քննարկել ենք տնտեսական ու սոցիալական խնդիրներ, և թե ինչպես են մեր գործընկերները Վրաստանում պայքարում գնաճի դեմ, և բնականաբար, պատմել ենք` ինչ միջոցառումներ ենք ձեռնարկում այս խնդիրը լուծելու համար։ Հունվարի 22-23-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու` Հայաստան կատարած այցի ժամանակ երկու նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում այն բոլոր հարցերը, որոնք գտնվում էին հայ-վրացական օրակարգում, մենք այսօր Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք և ձեռք ենք բերել պայմանավորվածություններ, թե ինչպես ենք այդ հարցերը լուծելու։
Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրի - Ողջունում եմ ձեզ և շնորհակալություն հայտնում ՀՀ վարչապետին ջերմ ընդունելության համար։ Ինձ համար միշտ հաճելի է լինել Երևանում, Հայաստանում։ Մենք քննարկել ենք շատ հետաքրքիր հարցեր, այն բոլոր խնդրահարույց հարցերը, որոնք առկա են մեր հարաբերություններում։ Քննարկել ենք տնտեսական, սահմանային կետերի ընդհանուր, համատեղ վարման և նաև տրանզիտային հարցերը։ Համոզված եմ՝ տրանզիտային հարցի քննարկումը շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի համար։ Խոսել ենք նաև գնաճի խնդրի շուրջ։ Այդ հարցը գլոբալ նշանակություն ունի, և շատ մեծ նշանակություն ունի Հայաստանում և Վրաստանում։ Մենք շատ նոր ծրագրեր ունենք։ Մեզ համար հետաքրքիր է` ինչպիսի փորձ ունի Հայաստանը, իսկ Հայաստանի համար էլ հետաքրքիր է Վրաստանի փորձը։
Հարց - Ապրիլից հաղորդագրություններ են շրջանառվում, որ ադրբեջանական կառույցները մտադրված են գնել գազատարի հատվածը։ Նման սցենարի զարգացման դեպքում Վրաստանը կարո՞ղ է ապահովել գազի անխափան մատակարարում դեպի Հայաստան։
Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրի - Այս հարցը մի քանի անգամ արդեն հնչեցվել է։ Ես ցանկանում եմ ասել, որ Վրաստանի կառավարությունն ապագայում չի վաճառելու վերահսկիչ փաթեթը։ Կան այդպիսի ռազմավարական օբյեկտներ, և դրանց կառավարումը վրացական կառավարությունը ապագայում շարունակելու է։
Հարց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին - Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու` վերջերս Հայաստան կատարած այցի շրջանակներում քննարկվել էր նաև հայ-վրացական սահմանի վերաբերյալ հարցը։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ՀՀ կառավորությունն այդ ուղղությամբ։ Եվ երկրորդ հարցը. Վրաստանում գնաճի զսպման համար կիրառվում են սոցիալական փաթեթներ։ Արդյոք Հայաստանում նման մեխանիզմ գործում է։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն հարցի համար։ Երկու տիպի խնդիր կա հայ-վրացական սահմանը հատելիս` առաջինը, որ 2011թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվեց 3-րդ անձանց ռիսկերի պարտադիր ապահովագրությունը։ Դա նշանակում է, որ եթե վրացական մեքենաները հատում են սահմանը, պարտավոր են ձեռք բերել ապահովագրական պոլիս հենց սահմանի վրա։ Վրացական կողմը հունվարի 1-ից ուժի մեջ է դրել նոր օրենսդրություն, որը ենթադրում է, որ ճանապարհների պահպանման նպատակով բեռնատար մեքենաների համար, որոնք այդ պահի դրությամբ բեռ ունեն, պետք է իրականացվեն վճարումներ սահմանի վրա։ Մենք վարչապետի հետ պայմանավորվել ենք, որ այս գործառույթներն այնպես պետք է կազմակերպենք, որպեսզի մեր տնտեսվարողների ու քաղաքացիների անհարմարությունները հասցվեն նվազագույնի և պայմանավորվել ենք, որ ֆինանսական ծախսատարությունը պահպանենք երկկողմանի։ Դրա համար հանձնարարականներ ենք տվել մեր նախարարներին, որպեսզի նրանք միասին աշխատեն և ներկայացնեն համապատասխան առաջարկություններ։
Ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում գնաճն այս տարվա լրջագույն մարտահրավերներից մեկն է։ Մենք Վրաստանի վարչապետի հետ քննարկեցինք, թե ինչ միջոցառումներ են իրականացվում Հայաստանում և Վրաստանում, որոնք կարող են մեղմել այս երևույթի բացասական հետևանքները։ Ընդհանուր եզրահանգումն այն է, որ այսօր աշխարհը չի առաջարկել արդյունավետ գործիքներ, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել բարձր գնաճային ճնշումները, որոնք գալիս են մեր երկրների վրա։ Սա հայկական և վրացական ֆենոմեն չէ, այլ պայմանավորված է համաշխարհային շուկաներում ստեղծված իրավիճակով։ Հայտնի և ավանդական գործիքները մենք կիրառում ենք, ինչպես նաև սոցիալական փաթեթներ ենք կիրառում։ Մենք ծանոթացանք Վրաստանի փորձին։ Մեր փորձը հետևյալն է. 2010թ., երբ նկատվեց սակագների բարձրացում, առաջին հերթին բարձրացրեցինք սոցիալական նպաստները, որն ստանում են Հայաստանում շուրջ 105 հազար ընտանիքներ, ինչպես նաև նոյեմբերից բարձրացրեցինք թոշակները։ Այս երկու սոցիալական փոփոխությունների նպատակն էր առաջին հերթին պաշտպանել սոցիալապես անապահով խավերին։ 2011թ. մենք կիրառելու ենք սոցիալական սուբսիդիա գյուղացիական տնտեսությունների համար` նպատակ ունենալով օգնել գյուղացիներին, առաջին հերթին անապահով խավերին և սոցիալական խնդիրներ ունեցող համայնքներին` ապահովելու գարնանացանը, և արդյունքում նպատակ ունենալով էժանացնել սերմնացուի գինն այդպիսի տնտեսությունների համար ու մշակվող հողերի քանակը։
Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրի - Ես ուզում եմ ավելացնել, որ նույնատիպ ծրագրեր ունենք նաև Վրաստանում։ Գյուղացիների համար մենք նույն ծրագրերն ունենք։ Ինչ վերաբերում է սահմանի ընդհանուր վարման հարցին, ես ուզում եմ ասել, որ այդ հարցը բաղկացած է մի քանի մասից. դրանում քաղաքական համաձայնություն կա, և պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Մեր աշխատանքային խմբերն աշխատում են այդ ուղղությամբ։ Անցած տարի հունիսի 1-ից մենք արդեն ունենք Թուրքիայի հետ սահմանի վարման փորձառություն և հույս ունենք կարգավորել այն Հայաստանի ու Վրաստանի միջև։